Դոլարի փոխարժեքը
ներկայումս գերագնահատված է, իսկ դրամի փոխարժեքը` թերագնահատված: Այսօր կայացած
մամուլի ասուլիսում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ Կենտրոնական բանկի
նախագահ Արթուր Ջավադյանը, ընդգծելով, որ դրամի գերարժեզրկման մեղավոր են`
սպեկուլյատիվ գործողոթյուններն ու բնակչության խուճապը:
«Դրամի իրական արժեքը կարտահայտվի գերարժեզրկման պատճառների բացահայտումից
հետո: Ազգային արժույթն իր դիրքերը զգալիորեն կամրապնդի սպեկուլյացիոն և անհիմն
խուճապային իրավիճակի վերացումից հետո»,-նշել է Ա.Ջավադյանը: ԿԲ ղեկավարը հավաստել
է, որ դրամի փոխարժեքն անպայման կիջնի, բայց թե երբ` ձեռնպահ է մնացել
պատասխանելուց: «Ամեն ինչ կախված է նրանից, թե երբ քաղաքացիները կդադարեն խուճապի
մեջ հայտնվել»,-ասել է Ջավադյանը:
Ընդ որում, Ա.Ջավադյանը կոչ է արել ձեռնպահ մնալ փոխարժեքի տատանումների
վրա գումարներ վաստակելուց, նշելով, որ դա կարող է բերել ֆինանսական էական
կորուստների: «Ես քաղաքացիներին կոչ եմ անում լինել խելամիտ և ձեռնպահ մնալ անհիմն
միջամտություններից»,-նշել է ՀՀ ԿԲ նախագահը:
Ա.Ջավադյանի խոսքով, խուճապը պայմանավորված է ռուսական ռուբլու
արժեզրկումով, որի փոխարժեքը դոլարի նկատմամբ իջել է 25%: Նման իրավիճակ է եղել
նաև հարևան Վրաստանում, բայց այնտեղ խուճապը ավելի շուտ անցավ:
Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԿԲ հայտարարեց արժույթի միջբանկային շուկայում
հավասարակշռությունը վերականգնելու և արժույթի տատանումները մեղմելու նպատակով
ամենօրյա միջամտություններ կատարելու մտադրության մասին, մասնակից-բանկերին օրական
վաճառելով 6 մլն.դոլար: Հետագայում, կախված պահանջարկից, միջամտույթունների
ծավալներն աստիճանաբար կնվազեն, տարեվերջին հասնելով զրոյի: Իսկ դեկտեմբերի
15-17--ի ԿԲ-ն միջբանկային շուկայում կատարած միջամտությունների արդյունքում
վաճառել է 4-ական մլն.դոլար:
Նշենք, որ հոկտեմբերից մինչև օրս դրամի արժեզրկումը Հայաստանում կազմել է
մոտ 40%, դեկտեմբերի 17-ին 17:00-ի դրությամբ կազմելով 570 դրամ/դոլար: Երկրի
առևտրի բազմաթիվ կետեր, արժույթի շուկայում ստեղծված անկայուն իրավիճակի և
ապրանքների գների կողմորոշման անհնարինության պատճառով, ժամանակավորապես
դադարեցրել են մատակարարներից ապրանքների ստացումը, իսկ նման ապրանքների ցանկում
են` շաքարավազը, ալյուրը, ձուն, կանաչ ոլոռը և այլն: Բացի այդ, առևտրի որոշ կետեր
կամ սահմանափակել, կամ էլ դադարեցրել են մի շարք ապրանքների վաճառքը, որոնց
ցանկում են` շաքարավազը, ալյուրը, մակարոնեղենը, հնդկացորենը, սպիտակաձավարը և այլն: