2014 թ. ադրբեջանական իշխանությունների վարած ապակառուցողական քաղաքականության պատճառով չի հաջողվել այդ հարցում իրական առաջընթացի հասնել, հունվարի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:
ՙԱվելին, Ադրբեջանը ընտրել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի աննախադեպ սրման ճանապարհը։ ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության այս կտրուկ աճը դարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների և սադրանքների գագաթնակետ։ Նման քայլերով Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է դրսևորում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության հանդեպ՚,- նշել է Միրզոյանը: Ըստ որում, նա ընդգծել է, որ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների անհապաղ մշակումն ու իրագործումը թույլ կտան բացահայտել հրադադարի ռեժիմի իրական խախտողին՝ ի դեմս Ադրբեջանի, և խուսափել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից, որոնք նրա մոտ ամենաթողության և անպատժելիության կեղծ զգացում են առաջացնում։
Կարեն Միրզոյանն անդրադարձել է նաև 2015 թ. ԼՂՀ ԱԳՆ առաջնահերթություններին, նշելով, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը և ԼՂՀ միջազգային ճանաչումը մնալու են Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում: ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել է, որ 2015 թ. Արցախի համար լինելու է նոր ձեռքբերումների տարի։