Թուրքիայի իշխանությունները լուրջ սխալ են թույլ տվել` նշանակելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Օգոստոսի 31-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Փորձագետը համոզված է, որ առաջիկա ընտրություններում կառավարող «Արդարություն և բարգավաճում» կուսակցությունը կարող է և պահպանել առաջատարի տեղը, սակայն կհավաքի ավելի քիչ ձայներ, քան` նախորդ ընտրություններում: «Չի կարելի հաշվի չառնել իրականությունը, իսկ այն ցույց է տալիս, որ թուրք հասարակության շրջանում դժգոհությունն աճում է, բռնությունն ու ահաբեկչությունն աճում են, և դա լուրջ հարված է կառավարող կուսակցության վարկանիշին, որի դիրքերը լրջորեն թուլանում են», - նշել է Գրգորյանը: Քաղաքագետի կարծիքով, կառավարող կուսակցությունը պետք է առավելագույն ջանք գործադրեր և ձևավորեր կոալիցիոն կառավարություն:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ այսօրվա Թուրքիան լրջորեն փոխվել է, ինչի մասին վկայում է հայերի առկայությունը նոր խորհրդարան անցած չորս կուսակցություններից երեքում: Նա կարծում է, թե այդ փաստը վկայում է այն մաիսն, որ Թուրքիայի հասարակության շրջանում սկսել են հաշվի առնել ազգային փոքրամասնությունների կարծիքը:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 24-ին կարգադրել է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Վարչապետ Ահմեթ Դավութօղլուին չհաջողվեց մինչև օգոստոսի 23-ը ձևավորել կոալիցիոն կառավարություն: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսվում են նոյեմբերի 1-ին:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ըւնտրությունների արդյունքում խորհդրարան են մտել կառավարող «Արդարություն և բարգավաճում» կուսակցությունը, քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը, Ժողովրդահանրապետական կուսակցությունը, «Ազգայնական շարժում» կուսակցությունը: