Բելառուսը պատրաստ է ՀԱՊԿ գծով գործընկերների հետ քննարկել իր նոր ռազմական դոկտրինը, բայց միաժամանակ առաջնորդվելու է իր ազգային շահերով, հայտարարել է Բելառուսի փոխարտգործնախարար Վալենտին Ռիբակով:
ՙՄենք անում ենք ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք մեր ազգային շահերը՚,- ասել է Ռիբակովը՝ պատասխանելով Բելառուսի նոր ռազմական դոկտրինի առանձին դրույթների առնչությամբ ՀԱՊԿ անդամ որոշ երկրների քննադատության վերաբերյալ հարցին, հայտնում է Ինտերֆակսը:
ՙԵթե ինչ-որ մեկին դա դուրս չի գալիս, մենք միշտ բաց ենք երկխոսության համար: Մենք պատրաստ ենք քննարկել նրանց մտահոգությունը և փոխզիջում փնտրել՚,- շարունակել է նա:
Միաժամանակ Բելառուսի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Բելառուսը երբեք ինչ-որ բան չի անում ի հաճույս ինչ-որ մեկի, և չի անի դա:
Ռիբակովը նշել է, որ ՙքննադատել կարելի է ցանկացած փաստաթուղթ, նույնիսկ՝ Աստվածաշունչը՚։ Նա նաև ընդգծել է, որ Բելառուսի նոր ռազմական դոկտրինը բացառապես պաշտպանական բնույթ է կրում։
Բելառուսի ռազմական դոկտրինը խորհրդարանի ստորին պալատի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է 2016թ. ապրիլի սկզբին։ Փաստաթուղթը հանրապետության սահմաննեից դուրս զինված գործողություններին Բելառուսի բանակի մասնակցության արգելք է պարունակում, ինչն առաջ էր բերել, մասնավորապես, Հայաստանի մտահոգությունը։ Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՙայդ դոկտրինը խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև՝ ՀԱՊԿ համար՚: