Ուկրաինացի ռեժիսոր Միրոսլավ Սլաբոշպիցկու «Ցեղը» ֆիլմն արժանացել է «Ոսկե ծիրան» XI միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին:
Երկրորդ մրցանակը` «Արծաթե ծիրանը», բաժին է ընկել վրացի ռեժիսոր Լևան Կոգուաշվիլու «Կույր ժամադրություններ» ֆիլմին: Ժյուրիի հատուկ մրցանակին է արժանացել իտալացի ռեժիսոր Ռոբերտո Պազոլինիի «Նատյուրմորտ» ֆիլմը (Մեծ Բրիտանիա-Իտալիա):
«Վավերագրական կինո» անվանակարգում լավագույն ֆիլմ է ճանաչվել
իտալացի ռեժիսոր Ջիովանի Դոնֆրանչեսկոյի «Քարե գետը» ֆիլմը, իսկ երկրորդ մրցանակի է արժանացել լեհ ռեժիսորներ Էլվիրա Նևերայի և Պյոտոր Ռոսոլովսկու «Դոմինոյի էֆեկտը» ֆիլմը:
«Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում լավագույն խաղարկային ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը, իսկ լավագույն կարճամետրաժ ֆիլմ` Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայր» ֆիլմը: «Արծաթե ծիրան» մրցանակի է արժանացել ռեժիսորներ Շողիկ Թադևոսյանի և Արեգ Ազատյանի «Ռոմանտիկները» լիամետրաժ-խաղարկային ֆիլմը: Ամերիկացի ռեժիսոր Հայկ Քոչարյանի «Նորմալ եղիր, խնդրում եմ» ֆիլմն արժանացել է պատվոգրի: Լավագույն սցենարի համար Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակի է արժանացել Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայր» ֆիլմը:
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակին է արժանացել պաղեստիցնի ռեժիսոր Օմար Ռոբերտ Համիլթոնի «Թեև գիտեմ, որ գետը չորացել է» ֆիլմը, հատուկ մրցանակի է արժանացել հույն ռեժիսոր Ասմինա Պրոյեդրուի «Կարմիր Հալքը» ֆիլմը:
Էկումենիկ մրցույթում գլխավոր մրցանակին է արժանացել հայ ռեժիսոր Լուսինե Սարգսյանի «Շքամուտքը» ֆիլմը, իսկ խրախուսական մրցանակի է արժանացել Լևան Կագուաշվիլիի «Կույր ժամադրություններ» ֆիլմը: FIPRESCI մրցույթում հաղթել է Միրոսլավ Սլաբոշպիցկու «Ցեղը» ֆիլմը: Կինեմատոգրաֆիստների միության «Թագուհի Նուարդ» մրցանակի են արժանացել ամերիկացի ռեժիսոր Հայկ Քոչարյանի «Նորմալ եղիր, խնդրում եմ» և չինացի ռեժիսոր Ռուբեն Գինեյի «Անդին. Հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմերը: Արմեն Մազմանյանի անվան հատուկ մրցանակին է արժանացել հայ ռեժիսոր Ալեն Մանուկյանի «Հարություն» դեբյուտային ֆիլմը:
«Ոսկե ծիրան» XI միջազգային կինոփառատոնն ընթացել է Երևանում` հուլիսի 13-20-ը: