Եվրամիությունը Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում երբեք նախապայմաններ չի դրել, կապված երրորդ կողմի հետ հարաբերությունների հետ: Այս մասին այսօր ԵՄ տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում, Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան։
Նա նշել է, որ այսօր Հայաստանը և ԵՄ–ն այժմ բանակցություններ են վարում Ասոցացման մասին համաձայնագրի շուրջ, որի բաղադրիչը ՙԽորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին՚ համաձայնագիրն է, որն այնուհետ հիմք կծառայի Հայաստանի և Եվրոպայի հետագա քաղաքական և տնտեսական ինտեգրման համար։ ՙՅուրաքանչյուր կողմը, սեփական շահերից ելնելով, ինքն է ընտրում իր ինտեգրացիոն քաղաքականությունը՚,-ընդգծել է Հրիստեան: Նա հավելել է, որ ներկայումս պաշտոնական Երևանը և Բրյուսելը բանակցում են տարբեր ոլորտներում ավելի սերտ համագործակցության ուղղությամբ, և այս առումով դեսպանը նկատել է, որ երբ խոսքը գնում է եվրաինտեգրման մասին, ապա ենթադրվում է դրա ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական բաղադրիչը:
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ ՙԱրևելյան գործընկերության՚ 6 երկրներից յուրաքանչյուրի հետ Եվրամիության հարաբարություններն անհատական են և ոչ մի կերպ չեն կարող անդրադառնալ երրորդ կողմի հետ հարաբերությունների վրա: ՙՅուրաքանչյուր երկիր ինքնուրույն է ընտրում համագործակցության մակարդակը ԵՄ հետ, մեկը գերադասում է ավելի ակտիվ համագործակցությունը, մյուսը` ավելի պասիվ համագործակցությունը: Պատահական չէ, որ մեր կազմակերպոթյունն իր քաղաքականությունն իրականացնում է ելնելով ՙավելին հանուն ավելիի՚ սկզբունքից՚,-ընդգծել է դիվանագետը:
Մեկնաբանելով շրջանառվող լուրերն այն մասին, որ եթե Հայաստանը հրաժարվի միանալ Եվրասիական միությանը, ապա կբախվի որոշակի տնտեսական պրոբլեմների, օրինակ, գազի գների թանկացման տեսքով, Հրիստեան ընդգծել է, որ եթե խոսքը գնում է այն մասին, որ պաշտոնական Երևանը որոշակի տնտեսական դաշտում գործունեություն ծավալելու նպատակով պետք է հետևի որոշակի կանոնների, ապա ինքը պետք է կողմնորոշվի, ուժ կունենա՞ արդյոք իրականացնել իր գործունեությունը երկու տարբեր միջազգային կառույցներում: Նա նաև նշել է, որ ԵՄ երբեք Հայաստանի առջև չի դրել ընտրության հարցը` կամ ԵՄ, կամ Եվրասիական միության հետ: Պատասխանելով լրագրողների այն հարցին, որ Ռուսաստանի գազի գների թանկացման վնասները կարող են փոխհատուցվել ԵՄ կողմից, Հրիստեան նշել է, որ ԵՄ երբեք նման սխեմաներ չի կիրառել, անգամ Եվրամիության անդամ-երկրների համար, լինելով ազատական արժեքների կողմնակիցը: Դեսպանը հավելել է նաև, որ Հայաստանը, ստորագրելով ՙԽորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին՚ համաձայնագիրը, հնարավորություն կստանա օգտվել ԵՄ հիմնադիր սկզբունքների 3 և 4 կետերից, որոնք, մասնավորապես, ենթադրում են` ապրանքների, ծառայությունների ու կապիտալի ազատ տեղաշարժ, իսկ ինչ վերաբերվում է 4-րդ սկզբունքին, կապված մարդկանց ազատ տեղաշարժի հետ, ապա առայժմ այն մատչելի է միայն Եվրամիության անդամ-երկրներին: