ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն մեկնաբանել է Երևանի իրադարձությունները, որոնք ծավալվել են էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ ՀԾԿՀ որոշման շուրջ:
«Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Նորմալ է, երբ մարդիկ իրենց պահանջներն են ներկայացնում, դա տեղավորվում է ժողովրդավարական գործընթացների ընդհանուր տրամաբանությունում: Բնական է նաև հասարակական կարգը պահպանելու իշխանությունների ցանկությունը», - հայտարարել է դեսպանը հունիսի 29-ի մամուլի ասուլիսում:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի երկխոսության ճանապարհով և հնարավորինս արագ գտնվի լուծում, որն ընդունելի լինի բոլորի համար և կենսունակ` տնտեսության տեսանկյունից», - հավելել է նա:
Ինչպես հաղորդվել է, հունիսի 19-ից Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ ՀԾԿՀ որոշման:
Հունիսի 27-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է էլեկտրաէներգիայի «սակագների բարձրացման բեռն» իր վրա վերցնելու կառավարության պատրաստակամության մասին, ինչպես նաև հաղորդել է, որ պետությունը կարող է գնել ՀԷՑ-ը` «մրցակցային կառավարման հանձնելու» համար:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն իր հերթին տեղեկացրել է, որ ՀԷՑ աուդիտը կարող է տևել 3-6 ամիս: