Սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում անցկացվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստը: Հանձնաժողովում Հայաստանը ներկայացնում է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:
Նիստը ողջույնի խոսքով բացել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա ընդգծել է, որ ՀՀ Ազգային ժողովը կարեւորում է փոխգործակցության ամրապնդումը ՍԾՏՀ ԽՎ շրջանակներում, որն այսօր հանդիսանում է Սեւծովյան տարածաշրջանում համագործակցության խթանման կարեւոր մարմիններից մեկը: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ կարեւոր է, որ կազմակերպությունն արձագանքի մասնակից բոլոր պետությունների կենսական շահերին: Հայաստանի համար դա առաջին հերթին Թուրքիայի հետ փակ սահմանի ապաշրջափակումն է: ՙՊարադոքսալ է, բայց փաստ՝ ԵՄ-ին անդամակցության հավակնող Թուրքիան զմռսել է հարեւան երկրի սահմանը, երբ Եվրոպական միությունում սահմաններն արդեն վաղուց պատմություն են դարձել, իսկ ազատ տեղաշարժը՝ հիմնարար սկզբունք՚,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ 1915 թ. Թուրքիայի իշխանությունների կողմից պետական մակարդակով իրագործված ոճրագործությանը, որը մարդկության պատմությանը հայտնի է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Նրա խոսքով՝ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի, եւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ նա եւս մեկ անգամ կարեւորել է աննախադեպ ոճրի ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության կողմից: ՙԵվրոպական միությանն անդամակցության ձգտող Թուրքիան շարունակում է խույս տալ սեփական անցյալի հետ առերեսվելուց, խուսանավել պատասխանատվությունից եւ տասնամյակներ շարունակ իր ժխտողական քաղաքականությամբ խեղաթյուրել պատմությունը՚,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը: