Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը իրավունք չունի անմասն մնալու վերջին իրադարձությունների արդյունքում երկրում ստեղծված լրջագույն իրավիճակի քննարկումից: Այդ մասին ասվում է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գրասենյակից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում: «Անհրաժեշտ է դադարեցնել արձակուրդն ու գումարել ԱԺ արտահերթ նիստ, քննարկել այս բարդ իրավիճակից դուրս գալու տարբերակները և հասնել ժողովրդանպաստ լուծմանը: «Ալյանս» կուսակցության նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը միացել է ընդդիմադիր պատգամավորների ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությանն ու ստորագրել է անհրաժեշտ ձևաթուղթը», - նշվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ նման նախաձեռնությամբ հանդես էր եկել պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դրան արդեն միացել են ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյնաը, ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը, «Ժառանգություն» խմբակցության անդամներ Թևան Պողոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Ռուբեն Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, ՀԱԿ խմբակցության անդամներ Լյուդմիլա Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը, նույն կուսակցության անդամներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը: Արտահերթ նիստի գումարման համար անհրաժեշտ է, ընդհանուր առմամբ, 44 ստորագրություն, այդպիսով, հարկավոր է ևս 30 ստորագրություն:
Հիշեցնեն,ք որ ավելի վաղ «Սասնա Ծռերը» պահանջել էին հանդիպումներ ԱԺ պատգամավորների հետ, սակայն, ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հգետ զրույցում հաղորդել է խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արսեն Բաբայանը, ԱԺ նման հարց, ընդհանրապես, չի քննարկել, սակայն պատգամավորներն անկախ են իրենց գործողություններում և կարող են, ցանկության դեպքում, հանդիպել խմբավորման անդամների հետ: Ընդ որում նա նշել էր, որ պատգամավորների մեծ մասն այժմ արձակուրդում է: Իսկ մեր տեղեկությունների համաձայն, ժողովրդի ընտրյալների մեծ մասն այս օրերին հանգստանում է արտասահմանյան լավագույն առողջավայրերում: