Ազգային անվտանգության ծառայության կողմից զինված խմբավորման ձերբակալությունը և քաղաքական տարբեր ուժերի հետ վերջինիս կապվածության վերաբերյալ հաջորդող տեղեկատվական ՙարտահոսքերը՚ վկայում են այդ կառույցի քաղաքականացվածության մասին: Այդ մասին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, շրջանառվող լուրերը, որ խմբավորման որոշ անդամներ սփյուռքահայեր են, և նրանցից մեկի մոտ ՙՈչ՚ շարժման բուկլետ է եղել, վկայում են ԱԱԾ անլուրջ մոտեցման մասին: ՙԻշխանություններն այդ հարցն օգտագործում են քաղաքական և քարոզչական նպատակներով՝ փորձելով վախեցնել հասարակությանը, որպեսզի վերջինս հրաժարվի մասնակցել զանգվածային տարբեր միջոցառումների, այդ թվում՝ դեկտեմբերի 1-ին կայանալիք ՙՆոր Հայաստանի՚ հանրահավաքին՚,- նշել է քաղաքական գործիչը:
Նշենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:
Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը: Նոյեմբերի 25-ին Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ խմբավորումը կապեր ունի սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող ՙՆոր Հայաստան՚ ճակատի հետ: