Ռուսաստան-Արևմուտք դիմակայությունն օրեցօր ուժեղանում: Կարելի՞ է արդյոք 2015 թ. որևէ տեղաշարժ ակնկալել հակառակ ուղղությամբ`հաշվի առնելով ԵՄ երկրներում համապատասխան միտումների դրսևորումը:
2015 թվականին կարելի է և պետք է դրական տեղաշարժեր ակնկալել Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունում, որն առայժմ ավելի է սրվում: Դրա շարունակումը չի համապատասխանում ոչ Ռուսաստանի, ոչ Եվրամիության շահերին, քանի որ այն ֆինանսատնտեսական և քաղաքական վնասներ է բերում երկու կողմերին: Սակայն առայժմ ես չեմ տեսնում լուրջ միտումներ, որոնք թույլ տան իրավիճակի բեկում ակնկալել: Հիմնական խնդիրն այն է, որ Ռուսաստանի և ԵՄ-ի` որպես ուժի երկու կենտրոնների փոխադարձ թուլացումը ձեռնտու է ԱՄՆ-ին: Իսկ ամերիկացիներն ունեն Եվրամիության նկատմամբ ազդեցության բոլոր լծակները, և խոսքը վերաբերում է ոչ միայն նախկին Արևելյան Եվրոպայի երկրներին, այլև ազդեցիկ ուժերին` ներառյալ ԵՄ հիմնական երկրների իշխանական շրջանակները: Հենց ամերիկացիներն ու նրանց արբանյակները, ինչպիսիք են Կարլ Բիլդտը և Դոնալդ Տուսկան, ստեղծել են հիմքից արատավոր, սադրիչ և կեղծ ՙԱրևելյան գործընկերության՚ և ՙասոցացված անդամության՚ գաղափարը: Այդպիկսով, հրաշալի գիտենալով, որ ԵՄ իրական անդամություն չի սպասվում ՙասոցացված անդամ՚ երկրներից ոչ մեկին, ամերիկացիները հասան իրենց գլխավոր նպատակին` գժտեցնելով Ռուսաստանին ու ԵՄ-ին : Ընդ որում նրանք վերջնականապես Ռուսաստանից պոկեցին Մոլդովան և Ուկրաինան, անշուշտ` մասնատելով վերջինս: Համապատասխանաբար, ամերիկացիներն ամեն ինչ կանեն, որպեսզի հարաբերություններում այդ ճեղքերը չփակվեն: ԵՄ-ն Ռուսաստանի հետ դաշինք կազմած չափազանց լուրջ մարտահրավեր է ԱՄՆ հզորությանը, իսկ երկրորդ Չինաստանի իր հայտ գալը Վաշինգտոնը թույլ չի տա:
Նշեք, Ձեր կարծիքով, այդ դիմակայության հնարավոր հետևանքները հետխորհրդային տարածության համար:
Արևմուտք-Ռուսաստան գլոբալ դիմակայության գլխավոր հետևանքը հետխորհրդային տարածքի համար ազդեցության ոլորստների, դաշինքների, աշխարհների միջև առկա սահմանների խորացումն է: Դրանք աստիճանաբար վեր են ածվում ճակատային գծերի, որոնք ամրապնդվում են և շրջապատվում փշալարով: Որպես օրինակ` ռուս-ուկրաինական սահմանում ՙպարիսպ՚ կառուցելու Կիևի ծրագրերը, վրաց-հարավօսական և վրաց-աբխազական սահմանների խստացումն ու, գրոծնականում, փակումը: Եվ այդ միտումը կշարունակվի: Նախկին ԽՍՀՄ տարածքի վրա նոր երկաթե վարագույր է իջնում` Ռուսաստանի արևմտյան ՙգործընկերների՚ շնորհիվ: Դրա հետևանքը կլինի ավտորիտարիզմի միտումների աճն ՙիզգոյների՚ ճամբարում հայտնված երկրներում: Ինչպես նաև Բրյուսելի և Վաշինգտոնի արբանյակների անպատժելիության զգացողության աճը, որոնք այժմ կարող են գործել ՙՍոմոսան շան որդի է, բայց նա մեր շան որդին է՚ սկզբունքով:
Դատելով վերջին միտումներից`Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները բոլորովին այլ մակարդակի վրա են դրվել, ինչը Ռուսաստան-Արևմուտք դիմակայության պայմաններում դժվար է տնտեսական անվանել: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կարող են լինել դրա հետևանքները կողմերի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի համար:
Ես չէի գերագնահատի ռուս-թուրքական հարաբերությունների մակարդակը: Թուրքիան միշտ հայտնի է եղել ուժի կենտրոնների միջև խուսավարելու և ցանկալին ստանալու իր ունակությամբ` փոխարենը քիչ բան տալով: Հիշենք, թե ժամանակին թուրքական դիվանագիտությունն ինչպիսի հմտությամբ օգտագործեց Լենինի և բոլշևիկյան Ռուսաստանի պատրանքները: Այժմ էլ, կարծում եմ, Անկարան կարող է Ռուսաստանից ստանալ անհամեմատ ավելին, քան Ռուսաստանը` Թուրքիայից:
Նոր իրավիճակում ամենագլխավորն այն է, որ Անկարան ստացել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև խուսավարելու հնարավորություն` ձգտելով արտոնությունների երկու կողմում: Օրինակ, անմիջապես վերակենդանացավ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մամռապատ գաղափարը, իսկ բարձր մակարդակի էմիսարների այցերն Անկարա հաճախակի դարձան: Ընդ որում Հայաստանն, առաջվա նման, Թուրքիայի գերակայությունների թվում չէ: Անշուշտ, հարևանների հետ ավելի լավ է ունենալ նորմալ հարաբերություններ, սակայն կարելի է դրանք, ընդհանրապես, չունենալ: Իսկ Ադրբեջանը Թուրքիայի համար կարևոր է` շնորհիվ էներգապաշարների, և թյուրքական աշխարհի մասին ավելորդ զգայնությունն այստեղ կապ չունի: Հենց էներգապաշարները Բաքվին թույլ տվեցին ժամանակին տորպեդահարել հայ-թուրքական հաշտեցումը: Անկարան այսուհետև էլ կպահպանի հատուկ հարաբերություններն Ադրբեջանի հետ, կամրապնդի իր դիրքերը Վրաստանում և կշարունակի անտեսել Հայաստանը: Եվ ռուս-թուրքական հարաբերությունների որևէ կարծեցյալ նոր մակարդակ ոչնչով չի փոխի իրավիճակն այդ բազմանկյունում:
Գոյություն ունի վարկած, ըստ որի`Մոսկվան ակնարկել է Իլհամ Ալիևին արևմտյան հատուկ ծառայությունների կողմից Ադրբեջանում նախապատրաստվող հեղաշրջման մասին: Որքանով է դա, Ձեր կարծիքով, ճշմարտանման և ինչու՞մ Ալիևը չի գոհացրել Արևմուտքին: Կարելի՞ է արդյոք դրանով բացատրել նույնիսկ Ալիևի վարչակարգի համար աննախադեպ ճնշումները տեղի լրագրողների ու իրավապաշտպանների նկատմամբ:
ՙԳունավոր հեղափոխություններն՚ ամենասարսափելի ուրվականն են հետխորհրդային վարչակարգերի մեծ մասի համար, իսկ դրանց դեմ պայքարը սիրելի զբաղմունք է դառնում: Դա բնորոշ է ոչ միայն Ադրբեջանին, որտեղ Ալիևի իշխանությանն իրականում ոչինչ չի սպառնում: Իսկ վերջին զանգվածային ճնշումները ձեռնարկվել են աչքը վախեցնելու համար: Հեղափոխության, տվյալ դեպքում`ՙգունավար հեղափոխության՚ որևէ սպառնալիք Ադրբեջանում չի եղել, իսկ մտացածին սպառնալիքով կարելի է երկար ու հաջող կերպով վախեցնել միմյանց: Ալիևը բավական երիտասարդ է, իսկ Ադրբեջանն այսօր բավական հաջողակ երկիր է`նման խաղերի տեղի չտալու համար: Ըստ որում, ՙգունավոր հեղափոխությունների՚ սպառնալիքի դեմ պայքարի լավագույն միջոցը համընդհանուր կոռուպցիայի դեմ պայքարն է, քանի որ հենց կոռուպցիան, այլ ոչ թե ՙօտարերկրյա գործակալներն՚ են նման հեղափոխությունների համար պայմաններ ստեղծում: Սակայն, պետք է խոստովանել, որ Ադրբեջանում իրականում առկա է հոգեկան խանգարմունք`կապված ոչ միայն հայատեցության, այլ նաև օտարերկրացիների, ազատության ցանկացած դրսևորման հանդեպ վախի հետ, ինչը դրսևորվում է այդ թվում հատուկ ծառայությունների ճնշող տիրապետությամբ: Ինչի՞ մասին կարել է խոսել, եթե արգելում են երկիր մուտք գործել, իսկ նման դեպքեր եղել են, հրավիրված ռուսաստանցի գիտնականների, որոնց անձնագրերում առկա է եղել հայկական, նույնիսկ ոչ ղարաբաղյան դրոշմ
2014 թ. աչքի է ընկել սահմանին իրավիճակի աննախընթաց սրացմամբ և բանակցային գործընթացի ավելի շատ տեղապտույտով: Կիսվեք 2015 թ Ձեր կանխատեսումով:
Յուրաքանչյուր տարի հերթական փուլ է Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի տեղապտույտում և առանձնանում է սահմանին իրավիճակի աննախընթաց սրմամբ: Վաղ թե ուշ դա կարող է պատերազմի հանգեցնել`թեկուզ այն պատճառով, որ իրավիճակը կարող է դուրս գալ կողմերի վերահսկողությունից: Առայժմ ցանկացած սրացում սեփական հնարավորությունների և հակառակորդի արձագանքի ստուգում է`ՙտեսեք, մենք կարող ենք խփել ուղղաթիռներ, իսկ մեզ դրա համար ոչինչ չի լինի՚ սկզբունքով: Այս անգամ տեղապտուտը և սրացումը պայմանավորված է այդ թվում Մինսկի խմբի ճգնաժամով`հաշվի առնելով ընդհանուր ճգնաժամը հարաբերություններում և միջնորդների մոտ համաձայնության բացակայությունը: Մյուս կողմից`հուսադրող գործոն է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, և այդ առնչությամբ Մոսկվայի կողմից Հայաստանի ստացած ռազմաքաղաքական նոր երաշխիքները: Քանի որ մինչ այդ Երևանն արդեն ունեցել է երաշխիքներ`կապված ՀԱՊԿ-ին անդամակցության հետ, տրամաբանական է ենթադրել, որ նոր ընդլայնված երաշխիքները վերաբերել են նաև Լեռնային Ղարաբաղին: Դա չի կարող զսպող գործոն չհանդիսանալ Բաքվի համար, որտեղ իշխանության ղեկին են գտնվում պրագմատիկ մարդիկ, ովքեր կարող են գնահատել Ռուսաստանի կողմից հավանական սպառնալիքը: Այդ պատճառով 2015 թ. Ղարաբաղի շուրջ իրավիճակը չի փոխվի, եթե, իհարկե, տարածաշրջանում անմիջապես ղարաբաղյան հակամարտության հետ կապ չունեցող որևէ աղետալի իրադարձություն տեղի չունենա:
Դեռևս իրավիճակի նման ղարգացման նախադրյալներ չկան, սակայն միջազգային իրադրությունը, ինչպես տեսանք 2014 թ. ընթացքում, երբեմն շատ արագ է փոփոխվում: