Վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումը
համապատասխանում է հայ օլիգարխների սպասումներին: Այդ մասին մամուլի ասուլիսում
հայտարարել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նրա ասելով, օլիգարխիան
հասարակության այն շերտն է, որն առավել զգայուն է տարաբնույթ ցնցումների նկատմամբ:
Օլիգարխիան, ինչպես հայտնի է, գոյություն ունի չգրված օրենքների և անդրկուլիսային
անթափանց պայմանավորվածությունների հիման վրա, և ցանկացած արտասովոր իրավիճակ
մահացու վտանգ է սպառնում օլիգարխիայի գոյությանը: Այդ առումով Հովիկ Աբրահամյանի
նշանակումը, ըստ էության, ամրագրել է գոյություն ունեցող ստատուս-քվոն, քանի որ
նպատակաուղղված է Հայաստանում գործող համակարգի ամրապնդմանն ու օլիգարխներին ցնցումներից
ապահովագրելուն: Հաջորդ կարևոր գործոնը, որն ազդել է Աբրահամյանի նշանակման վրա,
Նավասարդյանը համարում է իշխանության նկատմամբ այլընտանքային քաղաքական ուժերի
գործողությունները:
«Տվյալ դեպքում խոսքը
վերաբերում է ոչ միայն ԲՀԿ-ին, որն, ըստ էության, իրեն հռչակել է
«այլընտրանքային», այլև մյուս կուսակցություններին, որոնք պայքարում են հանուն կառավարության փոփոխման,
հանուն իշխանափոխության, ընդհանուր առմամբ, և արտահերթ ընտրությունների, սակայն
լռում են երկրի քաղաքական գիծը լիովին փոխելու անհրաժեշտության մասին», - կարծում
է Նավասարդյանը: