Մի քանի ամսից մենք խնկարկելու ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը՝ մարդկության դեմ գործված մի հանցագործության, որը, ավաղ, մինչ օրս պատշաճ գնահատականի չի արժանացել,
հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վատիկան այցի շրջանակում,
հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո գրասենյակը: «Բայց այլընտրանք պարզապես չկա. այդ գնահատականը վաղ թե ուշ լինելու է, լինելու է ամբողջական, համապարփակ և միարժեք:
Ճշմարտությունն այն է, որ առանց անցյալի հանցանքների դատապարտման չի կարող լինել խաղաղություն և չի կարող լինել անվտանգ ապագա։ Հենց այս նպատակի համար՝ մենք չենք կարող թույլ տալ օգտագործել հավատքը հանուն այլատյացության կամ ընդդեմ այլ կրոնների: Չենք կարող թույլ տալ ծառայեցնել կրոնը հանուն պատերազմի և բռնության, այլ պետք է կրոնի ուժն ու զորությունն ի գործ դնենք աշխարհի բոլոր անկյուններում երկխոսության և հանդուրժողականության հաստատման ու պահպանման նպատակին։ Լիահույս եմ, որ կրոնների համերաշխությանն ու հանդուրժողականությանը միտված քրիստոնեական ուղերձն ի վերջո կգերիշխի, և հավատը, հույսն ու սերը զորավիգ կլինեն մեզ՝ պաշտպանելու մեր արժեքները և պաշտպանելու արդարությունը», - ասել է նախագահը: