Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հերքել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամդովի հայտարարությունը, թե պետերբուրգյան հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ղարաբաղյան հիմնախնդրի փուլային կարգավորման վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել: Այդ մասին նա հայտարարել է ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
Բաբայանը, մասնավորապես, խորհուրդ է տվել հեգնանքով վերաբերել Մամեդովի հայտարարություններին: ՙԱրդեն 22 տարի նա նույն երգն է երգում, և այդ հայտարարությունն ադրբեջանական մուղամի հերթական շլյագերն է: Նա ցանկալին իրականության տեղ է ներկայացնում՚,- ընդգծել է Բաբայանը: Ըստ որում, մամուլի քարտուղարը նշել է, որ ներկա փուլում բանակցությունները չեն կարող ընթանալ հակամարտության վերջնական կարգավորման շուրջ, քանի որ քննարկվում են տեխնիկական հարցեր: ՙԻ՞նչ վերջնական կարգավորման մասին է խոսքը, եթե Բաքուն չի կարող ապահովել հրադադարի ռեժիմի պահպանումը՚,- նշել է նա:
Միաժամանակ ՀՀ ԱԳՆ-ը նշում է, որ Նովրուզ Մամեդովը երբեք չի մասնակցել որևէ բանակցությունների։ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովը բացառություն չէր։ ՙՎերջին հանդիպման ժամանակ նա ներկա է գտնվել միայն աշխատանքային ճաշին, որի ընթացքում քննարկվել է բացառապես միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ավելացման հարցը։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորմանը, ապա առաջին հերթին դրա հիմքում, ինչպես բազմիցս հայտարարվել է, պետք է ընկած լինի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման ճանաչումը՚,- ընդգծել են ԱԳՆ-ում՝ նշելով, որ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովին հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
ՙԱյս փուլում Ադրբեջանը պետք է անվերապահորեն կատարի Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաժողողովներին ձեռք բերված և վերահաստատված պայմանավորվածությունները՝ նախևառաջ բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորում, 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնում։ Այս ամենը թույլ կտա համապատասխան պայմաններ ստեղծել՝ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները վերսկսելու համար՚,- ընդգծել են ԱԳՆ-ում:
Նշենք, որ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը կայացել էր ՌԴ նախագահի նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր, և ընդունվել էր համատեղ հայտարարություն: Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատեցին մայիսի ս.թ. 16-ին Վիեննայում կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և հաշտության գործընթացում առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին, մասնավորապես, մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը՚: