Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության և քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, երկրի ղեկավարին ներկայացվել է 2016թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պահակապարեկային գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների մանրամասները, ինչպես նաև իրականացվող միջոցառումների արդյունքները: Հանրապետության նախագահին զեկուցվել է նաև, որ պահակապարեկային գնդի տարածքում պահվող պատանդներին ազատ արձակելու, զինված խմբի անդամների կողմից զենքը վայր դնելու և իշխանություններին հանձնվելու նպատակով շարունակաբար վարվում են ակտիվ բանակցություններ, ձեռնարկվում են իրավիճակից թելադրվող այլ անհրաժեշտ գործողություններ: Հանրապետության նախագահն ընդգծել է ստեղծված իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու համար պետք է ձեռնարկվեն հնարավոր բոլոր միջոցները, կարևորել է ենթադրյալ բոլոր իրավախախտումների համակողմանի և անաչառ քննությունը, ինչպես նաև մեղավորների համար պատժի անխուսափելիության ապահովումը: Խորհրդակցության արդյունքներով իրավապահ մարմինների ղեկավարներին տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ: -