Մենք պետք է ասենք` Իսրայելն այսուհետև չի մասնակցելու Հայոց ցեղասպանության հերքմանը, ասվում է իսրայելցի քաղաքական գործիչ, «Մերեց» կուսակցության նախագահ Զահավա Գալիոնի հայտարարության մեջ:
Իսրայելցի կուսակցապետը նշել է, որ
տարիներ շարունակ «Մերեցի» խմբակցության ներկայացուցիչները Քնեսետի հերթական նիստերի օրակարգ են մտցրել այդ պատմական իրադարձությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկը:
«Ես անկեղծորեն կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչումը մեր պարտականությունն է: Իսրայելի խորհրդարանը պետք է այդ հարցում հստակ դիրքորոշում դրսևորի: Դա հատկապես կարեւոր է երկրի կառավարության երկարամյա լռության ֆոնին: Միանգամից նշեմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ թե քաղաքական, այլ բարոյական հարց է: Դա մեր բարոյական պարտքն է եւ ոչ մի առնչություն չունի քաղաքական համակարգի աջ ու ձախ թեւերի հետ: Մեր կառավարությունները
նախընտրել են նեղ և ցինիկ շահերի զոհասեղանին դնել նահատակների հիշատակը: Իսրայելը
գերադասում է որդեգրել թուրքական դիրքորոշումը և հրաժարվում է Ցեղասպանության
փաստի ճանաչումից», - ասել նա: Զահավա Գալիոնը չի հասկանում, թե ինչու են մինչ այժմ թուրքերը հրաժարվում ողբերգության համար պատասխանատվությունն իրենց վրա վերցնել, սակայն գիտակցում է Թուրքիայի հետ դիվանագիտական
հարաբերությունների կարևորութկումը: «Միևնույն ժամանակ
ես չեմ կարող ընդունել այն վերապահումները, որոնցից մշտապես օգտվում է մեր
կառավարությունը, ինչպիսիք են` «չկան համապատասխան քաղաքական պայմաններ», «իսկ ինչ
կպատահի ռազմավարական հարաբերություններին», «դա պատմաբանների հարց է» և այլն: Այդ
ամենի նպատակը ճիշտ որոշումից խուսափելն է: Հաշվի առնելով այդ ողջ ցինիզմը` ես, որպես Հոլոքոստ ապրած ծնողների դուստր, չեմ կարող լռել: Ես հավատում եմ, որ զանգվածային ոչնչացում ապրած, Հոլոքոստի հերքման հետեւանքները քաջ ըմբռնող հրեա ժողովուրդը պետք է զգացմունքային գտնվի այլ ժողովուրդների ողբերգության նկատմամբ: Մենք պետք է բարձրաձայն ասենք` Իսրայելն այսուհետև չի մասնակցելու Հայոց ցեղասպանության հերքմանը»,- նշում է Գալիոնը: