

Երևան: ԱրմԻնֆո: Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիային մերժել է օգոստոսի 11-ին Թուրքիայի սուպերգավաթի համար ՙԳալաթասարայ՚-ՙՖեներբահչե՚ խաղի անցկացումը Բաքվում: Հիշեցնենք, որ վերջին տարիներին Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան սուպերգավաթի խաղերն անցկացնում է երկրից դուրս` Գերմանիայում, Ավստրիայում, որտեղ մեծաթիվ թուրք համայնքներ կան: Ադրբեջանը նույնպես ընտրվել էր թուրքական ֆուտբոլի մեծաթիվ երկրխագուների առկայության առնչությամբ:
Ինչպես ՙԹուրան՚ գործակալությանը հաղորդել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Էլհան Մամեդովը, մերժման պատճառը ժամանակի սղությունն է և մեծ թվով սեփական միջոցառումների առկայությունը: Մինչդեռ մարզական մեկնաբանների կարծիքով, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի պատճառաբանությունը համոզիչ չէ, քանի որ մինչև խաղը դեռ երկու ամիս կա: Ամենայն հավանականությամբ, այդ որոշումը պայմանավորված է ՙգլխացավանքից՚ խուսափելու ցանկությամբ, քանի որ Թուրքիայի ֆուտբոլի առաջատար թիմերի միջև խաղերը, սովորաբար, աչքի են ընկնւոմ անզիջողությամբ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, որտեղ երկու թիմերի երկրպագուները բուռն բախումներ են ունենում: Աղբյուրի համաձայն, վերջին ժամանակներս ադրբեջանցի ֆուտբոլասերները նույնպես սկսել են անկարգություններ կազմակերպել ֆուտբոլային հանդիպումներից հետո: Բաքվում խաղի անցկացումը մերժելու որոշումը, անկասկած, պայմանավորված է նաև Թուրքիայի վերջին քաղաքական իրադարձություններով, որոնք կարող են արտացոլվել նաև ադրբեջանցի երկրպագուների տրամադրությունների վրա, հաղորդում է ՙԹուրանը՚:



