Միջուկային ծրագրի հարցում Արևմուտքի հետ Թեհրանի փոխհարաբերություններում բեկումը և պատժամիջոցների վերացումը Հարավային Կովկասի երկրների հետ Իրանի ռազմավարական հարաբերությունների վրա չի անդրադառնա, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
ՙԱյնուամենայնիվ, ԻԻՀ նկատմամբ պատժամիջոցների վերացումն անմիջապես կբարձրացնի վերջինիս աշխարհաքաղաքական նշանակությունը և ազդեցությունը Հարավային Կովկասում: Թեհրանը տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ Արևմուտքի հետ հաշտեցումն ԻԻՀ կողմից դիտարկվում է որպես հարևանների հետ գոյություն ունեցող շփումները ընդլայնելու, առաջին հերթին`Հարավային Կովկաում ավելի մեծ տնտեսական և աշխարհաքաղաքական ներգրավվածություն ունենալու հնարավորություն՚,- ընդգծել է նա:
Մյուս կողմից`Հարավային Կովկասը սպառնալիք է Իրանի անվտանգության համար: Այդ սպառնալիքների ամենակարևոր գործոններն են` թյուրքալեզու բնակչության առկայությունն Իրանի հյուսիս-արևմուտքում; Թուրքիայի, ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հետ տարածաշրջանային մրցակցության ինտենսիվացումը: ՙԱվելորդ չէ նշել վերջին տասնամյակներում Հարավային Կովկասի կողմից Թեհրանի առջև ծառացած հստակ մարտահրավերներն ու սպառնալիքները`Կասպիայի նավթի ու գազի հանքավայրերում վերջինիս էներգետիկ շահերի, դրանց տեղափոխման ուղիների անվտանգության ապահովումը: Իրանի անվտանգությանն անմիջական սպառնալիք է վերջինիս տարածքին հարվածներ հասցնելու համար տարածքի տրամադրումը և, վերջապես, Ադրբեջանի միջոցով Արևմուտքի ազդեցության տարածումն Իրանի վրա`գումարած շիիթական ԻԻՀ-ում սալաֆիթական շարժումների տարածումը՚,- ընդգծել է Մինասյանը:
Նրա խոսքով, Թեհրանն ավանդաբար Հարավային Կովկասի խոշոր դերակատարներին դիտարկել է որպես իր անվտանգության անմիջական սպառնալիքի աղբյուրներ: Վերջին 200 տարում դրանք երկուսն էին`Թուրքիան և Ռուսաստանը: Սակայն, վերջին տարիներին դրանց են միացել Եվրամիությունը և ԱՄՆ-ը: Այդ պատճառով Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխհարաբերությունները թվարկված տերությունների հետ էապես ազդում են Երևանի, Թբիլիսիի և Բաքվի նկատմամբ Թեհրանի մոտեցումների վրա: