«Հայակ»
ազգային կինոմրցանակի
շուրջ սկանդալ է հասունանում: Մարինե Զաքարյանի «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի
պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը անհամաձայնություն է հայտնել ժյուրիի աշխատանքին:
Ժապավենը մրցանակի է ներկայացվել «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» (Նանոր Պետրոսյան) և Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Աշոտ Ադամյան) անվանակարգերում:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի
հետ զրույցում նշել է «Փարալելզ ֆիլմ փրոդաքշն» ընկերության ղեկավար Հովհաննես
Գալստյանը, որոշում է կայացվել հրաժարվել նշված անվանակարգերից: «Մենք կասկածում
ենք ժյուրիի անաչառությանը: Պատճառն ավելի քան ծանրակշիռ է», - ասել է նա: Նրա
ասելով, ինքը բազմիցս կինոմրցանակի կազմակերպիչներին նախազգուշացրել է, որ
փոփոխությունները ժյուրիի կազմում կհանգեցնեն անուղղելի հետևանքների:
«Ակադեմիական կամ ազգային
կինոմրցանակը, սկզբունքորեն, ժյուրի չպետք է ունենա: Բայց քանի որ դուք սկսնակ
կինոմրցանակ եք, ապա ավելի լավ է հետևեք ակադեմիական գծին, այլ ոչ թե ամեն տարի
փորձեր կատարեք: Կամ էլ փոխեք անվանումը: Թող դա լինի, օրինակ, Ազգային
կինոկենտրոնի մրցանակ», - ասել է Գալստյանը:
Ինչպես նշվել է, տվյալ պահի
դրությամբ նախապատրաստվում է պաշտոնական հայտարարություն, որը կհրապարակվի առաջիկա
օրերին: Ընդ որում չի բացառվում հավանականությունը, որ հայտարարության ներքո
ստորագրեն նաև այլ կինոգործիչներ:
Հիշեցնենք, որ ռեժիսոր Էդգար
Բաղդասարյանի գլխավորած ժյուրիի կազմում են ռեժիսոր Մարիա Սահակյանը, կինոքննադատ
Անետա Երզնկյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, մուլտիպլիկատոր Նարինե
Մուրադյանը:
Այս տարի Ազգային կինոմրցանակի են ներկայացվել լայն
հանդիսատեսին, հիմնականում, անծանոթ ֆիլմեր: Եթե հաշվի չառնենք Սերժ Ավետիքյանի և
Ելենա Ֆետիսովայի «Փարաջանովը», գործնականում, հավակնորդ բոլոր ֆիլմերը դեռ չեն
հասցրել մեծ էկրան բարձրանալ: Դրանք են Սուրեն Բաբայանի «Փուշը», Արեգ Ազատյանի և Շողիկ Թադևոսյանի «Ռոմանտիկները», Լիլիթ Մովսիսյանի «Կաուչոն»: Մինչդեռ այդ ֆիլմերը հավակնում են
մրցանակի մի քանի անվանակարգերում, այդ թվում` «Լավագույն ֆիլմի» և «Լավագույն
ռեժիսորի»:
«Հայակ» ազգային կինոմրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա մայիսի 13-ին Երևանում: