Մեր ազգը հեղափոխական ազգ չէ, լրագրողների հետ զրույցում այսպիսի ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի հանրապետական կուսակցությունից պատգամավոր, ՙԵրկրապահ՚ կամավորականների միության անդամ Սեյրան Սարոյանը`մեկնաբանելով իշխանափոխության անհրաժեշտութան վերաբերյալ ՙԲարգավաճ Հայաստանի՚ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը:
ՙԹող ամեն մարդ իր գործով զբաղվի: Ծառուկյանի գործը բիզնեսն է: Էդ երբվանի՞ց է Գագիկ Ծառուկյանը հեղափոխական դարձել: Ե՞րբ է նա հայտարարել հեղափոխության անհրաժեշտության մասին: Նման բան ես նրանից չեմ լսել: Ի՞նչ պահանջներ է նա ընդհանրապես դրել՚,-տարակուսել է նա: Նա նաև հայտարարել է, որ Ծառուկյանին չի տեսնում նախագահի պաշտոնում և հենց հանդիպի նրան, խորհուրդ կտա մտափոխվել:
Նա հայտարարել է, որ հաջորդ տարի Հայաստանից բոլոր արտագաղթած քաղաքացիները կվերադառնան`չհիմնավորելով, սակայն, թե ինչով է դա պայմանավորված լինելու: ՙՄի օր կգնան, մի օր`կգան, կարծես, չգիտեք մեր ժողովրդին՚,-նշել է նա: Այն հարցին, թե ինչու է երկրում աղքատությունն օրեցօր ավելանում`Սարոյանը հայտարարել է. ՙԷդ որ ժողովուրդն է հարստացել, իսկ հայերը`աղքատացել: Ահա ռուսները սպանում են միմյանց, տեսեք, թե ինչ է կատարվում այնպիսի հզոր երկրի հետ, ինչպիսին` Ռուսաստանն է: Իսկ Եվրոպայում, ձեր կարծիքով, կու՞շտ են՚,- ընդգծել է նա: