Ոչ իշխանական եռյակը պետք է զսպի իր ախորժակը ու սպասի հերթական ընտրություններին, հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
ՙՆրանք ցանկանում են իշխանություն, իսկ մենք գտնում ենք, որ դրա համար կան ընտրություններ: Ավելին, մենք սահմանադրական բարեփոխումների միջոցով առաջարկում ենք քաղաքական նոր մոդել. այդ բարեփոխումները կկարողանան իշխանափոխության որակապես այլ գործընթաց ապահովել՚,- ասել է Բաղդասարյանը:
Հանրահավաքից իր սպասումների մասին հանրապետական չի ցանկացել խոսել`կոչ անելով հետևել իրադարձությունների զարգացմանը: Նրա խոսքով, եռյակն անկանխատեսելի, թեև հազիվ թե կարելի է մտածել, որ ամբիոնից միասնական դիրքորոշում կհնչի:
Նա նաև նշել է, որ ժամանակին ՙԲարգավաճ Հայաստանը՚ կառավարող կոալիցիայում էր, և ոչինչ չէր խանգարում իրենց իրականացնել այսօր հնչեցվող գաղափարները և խնդիրները: ՙԱկնհայտ է, որ ԲՀԿ-ն այդ ժամանակ նման ամբիցիաներ չուներ, ի՞նչ է փոխվել այսօր՚,-հարց է տվել պատգամավորը: