«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը փետրվարի 27-ին տարածել է
հայտարարություն, որում հասարակությանը կոչ է արել դրսևորել քաղաքացիական անհնազանդություն և, որպես առաջին գործողություն՝ չվճարել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները:
Սեֆիլյանն ընդգծել է, որ քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները պետք է կատարվեն ինչպես փողոցային ակցիաների, այնպես էլ այլ եղանակներով: Նա հիշեցրել է, Հիմնադիր խորհրդարանը մտադիր է ապրիլի 24-ին փողոց հրավիրել հայ հասարակության մեծ մասին, սակայն մինչ այդ ռեժիմին թուլացնելու նպատակով անհնազանդության գործողությունների շարքը սկսում են այսօրվանից:
«Գաղտնիք չէ, որ այդ տուգանքների գումարների մեծ մասը պետական բյուջեի փոխարեն անուղղակի ճանապարհով բաժին է հասնում քրեաօլիգարխիկ համակարգին: Ուստի այս քայլով մենք ռեժիմին թույլ չենք տալիս կեղեքել մեզ, ինչպես նաև նրան զրկում ենք զգալի չափի կանխիկ դրամից: Տուգանքները վճարելու փոխարեն՝ առաջարկում ենք օգտվել օրենքի տված հնարավորությունից և վեց ամսով հետաձգել (տարաժամկետել) դրանց վճարումը: Իսկ ապրիլի 24-ին մենք դուրս կգանք փողոց և կսկսենք մի գործընթաց, որի շնորհիվ կհեռացնենք ռեժիմին: Դրանից հետո նոր կառավարությունը համաներման կարգով չեղյալ կհայտարարի ռեժիմի օրոք կուտակված բոլոր տուգանքներն ու տույժերը: Բացի այդ՝ ռեժիմին հեռացնելուց հետո նոր կառավարությունը էականորեն կնվազեցնի տուգանքների և տույժերի չափերը՝ դրանք սահմանելով ըստ մեր քաղաքացիների եկամուտների: Միևնույն ժամանակ հորդորում ենք մեր խոսքը չընդունել որպես իրավախախտում կատարելու կոչ և խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Տուգանքի վճարումը հետաձգելու (տարաժամկետելու) վերաբերյալ դիմումի ձևը կարող եք գտնել http://www.preparliament.com/jirayr-sefilyani-kochy-anhnazandutyan-masin/ հղումով, ինչպես նաև Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում ( ք. Երևան, Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտանը կից շենք, մուտքը՝ Սայաթ-Նովա փողոցի կողմից, ժամը 10:30-18:00, բացի կիրակի օրերից): Կարճ ժամանակ անց մենք կհայտարարենք անհնազանդության ուրիշ քայլերի մասին», - ասվում է հայտարարությունում: