Հունվարի 29-ի գիշերն ադրբեջանական դիվերսիայի հետևանքով երկու հայ զինծառայող է վիրավորվել, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, 1987 թ. ծնված Գրիշա Օթարյանը և 1967 թ. ծնված Սուրիկ Մովսիսյանը տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն: ՙՆերկայումս զինծառայողների կյանքին ոչինչ չի սպառնում, նրանք դուրս են գրվել ու գտնվում են տանը՚,- նշել է նա:
Հունվարի 29-ին` ժամը 00:30-ի սահմաններում, հակառակորդը հերթական դիվերսիոն գործողությունների փորձն է ձեռնարկել ՀՀ Տավուշի մարզում: Ոսկեպար-Կիրանց հատվածում ադրբեջանական դիվերսիոն խումբը կրակահերթեր է արձակել Daewoo մակնիշի քաղաքացիական մեքենայի ուղղությամբ: Մեքենայում գտնվող անձինք հակառակորդի կրակահերթերից չեն տուժել: Հայկական կողմի ձեռնարկած գործողությունների արդյունքում հետախուզական-դիվերսիոն խմբի անդամները հետ են շպրտվել: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով:
Նշենք, որ տարեսկզբից ի վեր Ադրբեջանը դիվերսիայի բազմաթիվ փորձեր է ձեռնարկել, որոնց արդյունքում կորցրել է 14 զինծառայող, ևս 20-ը վիրավորվել են: Դժբախտաբար, կորուստներ ունի նաև հայկական կողմը: Տարեսկզբից ի վեր շփման գծում և սահմանում հակառակորդի գնդակից զոհվել են 10 հայ զինծառայողներ: