ՙՇրջանառության հարկի մասին՚ օրենքի կասեցում պահանջող ՓՄԲ ներկայացուցիչները երթով շարժվել են դեպի նախագահական նստավայր:Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, ակցիային մասնակցում է առևտրի ոլորտում զբաղված ավելի քան 2 հազար մարդ:
11:00-ից ակցիայի մասնակիցները հավաքվել են կառավարության շենքի մոտ և հանդիպում պահանջել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից, սակայն նրանց է մոտեցել կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը, ով հայտարարել է, որ հանդիպումը հնարավոր չէ, քանի որ վարչապետն զբաղված է:Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ եթե օրենքի կասեցման վերաբերյալ պահանջը չբավարարվի, փետրվարի 1-ից համահանրապետական գործադուլ տեղի կունենա: Նրանք պահանջել են նաև ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հրաժարականը:
Նշենք, որ ներկայումս համանման ակցիա է տեղի ունենում Կապանում: Հիշեցնենք, որ ի սկզբանե նախատեսվում էր, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2014 թ. հոկտեմբերի 1-ից, սակայն բողոքի բազմաթիվ ակցիաները ստիպել են գործադիր իշխանությանը վերջինիս կիրառման ժամկետը հետաձգել մինչև 2015 թ. փետրվարի 1-ը: Օրենքի դրույթների համաձայն, նախատեսվում է 3.5%-ից մինչև 1% նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը առևտրի ոլորտի տնտեսվարող սուբյեկտների համար: Սակայն, փաստաթուղթը գործարքների պարտադիր փաստաթղթաշրջանառության վերաբերյալ պահանջ է պարունակում, ինչը բողոքի ալիք է բարձրացրել:
Նշենք, որ փաստաթղթերի բացակայության դեպքում ՓՄՁ նկատմամբ կիրառվեն պատասխանատվության հետևյալ միջոցները: Սկզբում սուբյեկտը կնախազգուշացվի, իսկ կրկնության դեպքում կտուգանվի 20 հազար դրամով: Երրորդ անգամ տոգանքը կկազմի տարեսկզբից հաշվարկված շրջանառության 5%-ը, իսկ չորրորդ խախտման դեպքում սուբյեկտը կհայտնվի ԱԱՀ գործողության դաշտում: 2016 թվականի հունվարի 1-ից ՓՄՁ այն սուբյեկտը, որը չի ունենա փաստաթղթերի շրջանառություն, տուգանք կվճարի ավելի բարձր` 5% դրույքաչափով, իսկ կրկնվելու դեպքում կհայտնվի ԱԱՀ դաշտում: