Հայաստանը պատրաստվում է դիմակայել համաշխարհային
տնտեսական պատերազմին: Այս մասին ՀՀ կառավարության հունվարի 30-ի նիստում
հայտարարել է հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նա նշել է, որ ՀՀ տնտեսության վրա համաշխարհային
տնտեսության վերջին ժամանակաշրջանի զարգացումների բացասական ազդեցությունը
չեզոքացնելու նպատակով ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկել արտարժութային
կապիտալի ներհոսք ապահովելու նպատակով: Օգտվելով միջազգային ֆինանսական
շուկաներում ներկայումս ձևավորված բարենպաստ միջավայրից, որը կարող է կարճաժամկետ
լինել, գործադիրը նպատակահարմար է համարել արտարժութային պարտատոմսերի թողարկումը:
Այդ գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ է ունենալ միջազգային
իրավախորհրդատու և գլխավոր տեղաբաշխող, որը համակարգում է տեղաբաշխման գործընթացը,
իրականացում մարքեթինգային ռազմավարությունը, պատասխանատու է պարտատոմսերի
տեղաբաշխման համար:
Կառավարությունը որոշել է միջազգային իրավախորհրդատուի և
գլխավոր տեղաբաշխողի ծառայությունների գնումն իրականացնել բանակցային
ընթացակարգով, ՀՀ ֆինանսների նախարարին լիազորել ՀՀ կառավարության անունից
ստորագրել համապատասխան պայմանագրերը: Ակնկալվող արդյունքը ՀՀ 2015թ. պետբյուջեի
պակասուրդի ֆինանսավորումն է: Հարցի առնչությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը
համաշխարհային տնտեսության վերջին տարիների վայրիվերումները բնութագրել է իբրև
տնտեսական պատերազմ և շեշտել, որ մեր երկիրը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր
սցենարի: ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը քննարկել է
երկրի տնտեսության դիմադրողականությունը և պաշտպանվածությունը մեծացնելու ուղիներ:
Արտահանումը խթանելու օրինագիծն արդեն իսկ ուղարկվել է Ազգային ժողով և կքննարկվի
առաջին քառօրյայում: Արտարժութային պարտատոմսերի թողարկումը պետք է դիտարկել
միջազգային շուկաներից փող բերելու հնարավորության տեսակետից: Գումար ներգրավելը
ազդակ լինի, որպեսզի խոշորածավալ ենթակառուցվածքային ծրագրերի համար այլ
ներդրողներ ևս ի հայտ գան: Աշխատանքային խումբը ձեռնարկում է համաշխարհային
տնտեսության տատանումից ծագող մարտահրավերները չեզոքացնելու այլ միջոցներ ևս:
Հիշեցնենք,
որ Հայաստանի առաջին եվրաբոնդերը թողարկվեցին 2013 թվականի սեպտեմբերին, 700
մլն.դոլար ծավալով, 6.25% եկամտաբերությամբ և 7 տարի մարման ժամկետով: Հիմնական
անդերրայթերներն էին`Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc և J.P.Morgan
Securities plc. Ընկերությունները: