Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ապրիլի 23-ին խորհրդարանի նիստում առաջին անգամ ցավակցություն է հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի թոռներին` միաժամանակ այն ՙ20-րդ դարասկզբի իրադարձություններ՚ անվանելով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Էրդողանը ХХ դարասկզբի իրադարձությունների հետևանքով զոհված հայերի հոգիներին հանգստություն է մաղթել, իսկ նրանց թոռներին` ցավակցություն հայտնել։ Նրա խոսքով, ապրիլի 24-ը հատուկ նշանակություն ունի հայ քաղաքացիների և աշխարհի բոլոր հայերի համար: ՙՉի կարելի հերքել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիները վերջինիս թուրք, քուրդ, արաբ, հայ միլիոնավոր քաղաքացիների համար՝ անկախ կրոնից և էթնիկ պատկանելիությունից, դժվար ժամանակաշրջան է եղել՚,- ընդգծել է Էրդողանը:
Միաժամանակ, ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Էրդողանը նաև հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը չի կարող օգտագործվել Թուրքիայի դեմ: Նա նշել է, որ թուրք և հայ պատմաբանները պետք է 1915 թ. իրադարձությունների ուսումնասիրման համատեղ հանձնաժողով ստեղծեն, և որ միայն համատեղ ուսումնասիրությունը կարող է օբյեկտիվ գնահատական տալ 1915 թ. իրադարձություններին: