Հաշվի առնելով Բաղրամյան պողոտայում ստեղծված իրավիճակի առանձնահատկությունը` Ոստիկանությունը որոշել է պողոտայից հեռացնել հատուկ տեխնիկան, այդ թվում` ջրցան մեքենաները:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, իրավապահ մարմինները մշակում են նոր ռազմավարություն` վերլուծելով բողոքի ակցիայի յուրաքանչյուր օրը: «Այսօր նպատակահարմար է համարվել տեխնիկայի դուրս բերումը», - հայտարարել է նա, ընդգծելով, որ, ելնելով իրավիճակի հետագա զարգացման առանձնահատկությունից` հատուկ տեխնիկան կարող է վերադարձվել պողոտա:
Նշենք, որ նախօրեին ուշ երեկոյան Ոստիկանությունը հանդես էր եկել հայտարարությամբ` էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին հորդորելով ազատել Բաղրամյան պողոտան, քանի որ «շրջափակումը» դժվարացնում է քաղաքի երթևեկությունը: Ոստիկանությունը նաև նախազգուշացրել էր, որ նպատակահարմարության դեպքում ինքը կարող է դիմել օրինական եղանակների` պողոտան ազատելու համար: