Ի՞նչ եք կարծում, ու՞մ սցենարով է խաղում ընդդիմադիր ՙեռյակը՚: Մի կողմից` Հայ ազգային կոնգրեսի և ՙԺառանգության՚ խիստ արմատական կոչերը, մյուս կողմից եռյակի լոկոմոտիվի`ՙԲարգավաճ Հայաստանի՚ զուսպ դիրքորոշումը: Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այս հակադրությունը:
Կարծում եմ` ոչ իշխանական եռյակն իր գործունեությունում հաշվի է առնում Հայաստանում առկա բարդ ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակի օբյեկտիվ իրողությունները: Հենց դրանով է պայմանավորված առավել արմատական գործողություններից հրաժարվելը: Ընդդիմությունն, անշուշտ, խաղում է ըստ սեփական սցենարի, որը, ինչպես և շատ այլ բաներ, մշտապես սրբագրվում է` կախված տարբեր հանգամանքներից: Սուր խնդիրները, որոնց բախվում է հանրապետության բնակիչների մեծ մասը, ծնում են մի կողմից արտագաղթ, իսկ մյուս կաղմից` ներքին արմատականացում, ինչով պայմանավորված են իշխանափոխության կոչերը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դրությունը, երկրի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, իրավիճակի ամեն մի անվերահսկելի զարգացում հղի է անկանխատեսելի հետևանքներով: Ընդդիմության զանգվածային գործողությունների անցկացման պահերին, ինչպես երբեք, մեծ է սադրանքների հնարավորությունը, և դա հասկանալով, ՀԱԿ, ԲՀԿ և ՙԺառանգության՚ առաջնորդները հոկտեմբերի 10-ի հանրահավաքում հնարավորինն արեցին` ցնցումները բացառելու նպատակով:
Այս առնչությամբ կարևոր է նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, ով ընդդիմության կողմնակիցներին կոչ է արել չշտապել և չզբաղվել ինքնագործունեությամբ: Արձագանք չգտան անհապաղ անդադար բողոքի ակցիաներ կազմակերպելու հուզական կոչերը: Այս և շատ այլ բաներ հույս են ներշնչում, որ խորհրդարանական քաղաքական կուսակցությունների դե-ֆակտո ստեղծված կոալիցիայի հետագա քայլերը նույնպես կլինեն կշռադատված և ստուգված, իսկ դրանց առաջնորդները լիովին հաշվի են առնում նաև անցյալի ողբերգական իրադարձությունները: Եվ ոչ միայն անցյալի, ասենք, նրանց, ովքեր, ղեկավարվելով լավագույն դրդումներով, Կիևի մայդանում բողոքելով կոռուպցիայի դեմ և հայտարարելով, թե «ավելի վատ չի կարող լինելե, արդյունքում ստացան օլիգարխ նախագահ, քաղաքացիական պատերազմ, դե-ֆակտո տարածքների անջատում և ընդհանուր քաոս, որի վերջը չի երևում…
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա տեղական բիզնեսի զգալի մեծամասնության շահերն արտահայտող կուսակցության դիրքորոշումը չի կարող արմատական լինել` ըստ սահմանման: Միևնույն ժամանակ հազարավոր գործարարների բողոքի գործողությունները, որոնք առնչվում են, մեղմ ասած, հարկային օրենսդրության վիճահարույց փոփոխությունների ընդունմանը (ի դեպ` ԱՄՀ ճնշման ներքո), փողոցային քաղաքականության մեջ են ներքաշում գնալով ավելի շատ մարդկանց: Սա իրողություն է, որն անհնար է հաշվի չառնել, ինչին ուշադրություն է հրավիրել Գագիկ Ծառուկյանը, ընդգծելով, թե պարտադիր չէ, որպեսզի մայդանի այլընտրանքը լինի լճացումը:
Ոչ իշխանական եռյակի հանրահաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, մասնավորապես, հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցումն արդեն կատարված փաստ է, և ոմանց ՙջղաձգումներն՚ այդ առնչությամբ անհեթեթություն են: Իսկ ԲՀԿ ներկայացուցիչն ասել է, որ այդ հանրահավաքն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Ինչի՞ մասին են վկայում Ռուսաստանին ուղղված նման ՙռևերանսները՚:
Արտաքին քաղաքականության հարցերում Տեր-Պետոսյանն իրատես է և պրագմատիկ, սեփական փորձից համոզված, թե որտեղ են երկրի անվտանգության իրական երաշխիքները (քաղաքական, տնտեսական, մշակութաքաղաքակրթական, ռազմական), իսկ որտեղ` պատրանքները: Ուշագրավ զուգադիպություն. ընդդիմության հանրահավաքի անցկացումը համընկավ Ցյուրիխում տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հնգերորդ տարելիցին, որոնք, այսօրվա դրությամբ, կարծես, վերջնականապես թաղված են: Մինչդեռ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների առաջին շփումները թուրքերի հետ թվագրվում են դեռ 1990-ականների սկզբին, որոնք օրինաչափորեն ավարտվեցին Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համաձայնագրերի ստորագրմամբ: Վերջապես, ժամանակին ՀԱԿ կառույցների ներսում պառակտում եղավ, ոչ վերջին հերթին, հենց Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի հատկանիշով, որի անզուսպ քննադատները գնացին, ինչպես ասում են, իրենց ճանապարհով: Ոչ իշխանական եռյակի մյուս զգալի ուժի` ԲՀԿ-ի լայն կապերը Ռուսաստանի և Բելառուսի գործընկերների հետ ոչ ոքի համար գաղտնիք չեն: Հանրահավաքի նախօրեին ՙՆեզավիսիմայա գազետայում՚ հրապարակված հարցազրույցում Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ հստակեցրեց իր դիրքորոշումը, նշելով, որ Հայաստանին հարկավոր է հզոր դաշնակից` ի դեմս Ռուսաստանի: Ռուսաստանին իր հերթին Հարավային Կովկակսում անհրաժեշտ է տնտեսապես հզոր և դինամիկ զարգացող դաշնակից` ի դեմս Հայաստանի:
Մեկ անգամ ևս ընդգծեմ. ամեն ոք իրավունք ունի սեփական վերաբերմունքի այս կամ այն ընդդիմադիր առաջնորդի, նրա կենսագրության ինչ-որ փաստերի կամ առանձին հայտարարությունների նկատմամբ, սակայն նրանք իրենց գործունեությունում ձգտում են ղեկավարվել, նախևառաջ, ոչ թե ինչ-որ արտաքին խաղացողների, այլ իրենց երկրի շահերով: Ներքին խնդիրների լուծմանը կողմնորոշված ընդդիմությունն այն է, ինչով Հայաստանը տարբերվում է որոշ այլ հետխորհրդային երկրներից` լավագույն իմաստով:
ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցման վերաբերյալ համաձայնագիրը դեռ պետք է վավերացվի 4 երկրի խորհրդարանների կողմից: Արդյո՞ք այս ժամանակահատվածում հնարավոր են ինչ-որ ֆորս-մաժորային իրավիճակներ: Ինչպիսի՞ն է Արևմուտքի հնարավոր արձագանքը, որն ամեն գնով փորձում է տորպեդահարել եվրասիական նախագծերը:
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցման վերաբերյալ Մինսկում ստորագրված պայմանագրի` Հայաստանի կողմից վավարեցման փուլում բացառված չեն Արևմուտքի կողմից անակնկալները: Պայմանագրի համաձայնեցման փուլն արդեն ուղեկցվել է տարբեր ասեկոսեներով և ՙստորջրյա հոսանքներով՚: Արևմուտքի ընդհանրացված արձագանքն, ըստ էության, կանխատեսելի կլինի /այսինքն`խիստ բացասական/, և, հավանաբար, ոչ ստանդարտ այն ամենում, ինչ վերաբերում է հակազդման որոշակի ձևերին ու ձևաչափերին: Ավելի շատ ավազե դղյակներ հիշեցնեղ գայթակղիչ ՙայլընտրանքային առաջարկները՚ / ինչպես օրինակ`ՙանվտանգության այլընտրանքային համակարգը՚`Թբիլիսիի հետ Երևանի սերտ գործընկերության շեշտադրմամբ/, ընդհանուր եղանակ չստեղծող առանձին նախագծերը կհամատեղվեն Հայաստանի համար առաջնահերթ նշանակություն ունեցող հարցերում համակարգային ճնշման հետ: Դա կարող է լինել, օրինակ ղարաբաղյան հարցը, ենթակառուցվածքի կարևոր օբյեկտների մասնավորեցումը, արտաքին ֆինանսական զգալի ծանրաբեռնումը կամ որևէ այլ բան: Բացառված չեն նաև պատժամիջոցների, արևմտյան գործընկերների հետ տարբեր ուղղություններով համատեղ նախագծերի խզման սպառնալքիները`ռուս-հայկական առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման դեպքում:
Կրեմլը մշտապես ընդգծում և միանգամայն անկեղծորեն տարբեր մակարդակներով բացատրում է, որ տրամադրված չէ առճակատման, որ ձևավորվող Եվրասիական միությունը և Եվրամիությունը դատապարտված են փոխգործակցության: Բայց այա մեր արևմտյան /ամենից առաջ`ամերիկյան/ գործընկերներին դրանում համոզելը չափազանց բարդ է, ինչի մասին է վկայում պատժամիջոցային հիստերիան: Ցավոք, այդ ամենը նոր սրացումներ է խոստանում Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում, Կովկասում: