Գյումրիի դաժան սպանդի փաստին առնչվող քրեական գործում,
ի թիվս այլ վարկածների, դիտարկվում է նաև այն վարկածը, որ մարդասպան Վալերի
Պերմյակովը միայնակ չի գործել: Հունվարի 26-ին մամուլի ասուլիսում այդ մասին
հայտարարել է առաջին ոստիկանապետ Հունան Պողոսյանը: Նրա ասելով, այժմ Հայաստանի և
Ռուսաստանի իրավապահ կառույցները մանրակրկիտ վերլուծում են յուրաքանչյուր
մանրամասն, յուրաքանչյուր վարկած:
«Հենց նախաքննությունը կարող է պատասխաններ տալ
հասարակությանը հուզող հարցերին: Առայժմ վաղաժամ է որոշակի ինչ-որ բան ասել:
Սակայն պահպանվում է այն վարկածը, որ Պերմյակովը կարող էր գործել խմբի կազմում», -
նշել է Պողոսյանը:
Ոստիկանության պետի տեղակալը նաև հերքել այն լուրերը, թե
հանցագործությունից հետո հայ-թուրքական սահմանում Պերմյակովին ձերբակալել են
Հայաստանի իրավապահ կառույցները և հանձնել ռուսական կողմին: «Մենք նման
տեղեկատվություն չունենք», - վճռականորեն հայտարարել է Պողոսյանը: Նա ընդսմին չի
համաձայնել Ոստիկանությանը հասցեագրված այն մեղադրանքին, թե վերջինը մասնագիտական
ունակությունների և հետևողականության բավարար մակարդակ չի դրսևորել Պերմյակովի
ձերբակալման գործում, ինչի հետևանքով հանցագործը հայտնվել է Ռուսաստանի
զինծառայողների ձեռքում: «Ոստիկանությունն օպերատիվ է աշխատել, մենք մանրազնին
ստուգել ենք Պերմյակովի փախուստի հնարավոր ուղղության վերաբերյալ յուրաքանչյուր
տեղեկատվություն, յուրաքանչյուր ահազանգ», - ասել է փոխոստիկանապետը:
Հիշեցնենք,
որ հունվարի 12-ին Գյումրիում սպանվել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները,
իսկ սվինի հարվածներից վնասվածքներ ստացած կես տարեկան Սերյոժան մահացավ հունվարի
19-ին հիվանդանոցում: Չնայած այն հանգամանքին, որ սպանության պահից անցել է արդեն
2 շաբաթ, նախաքննությունը, անհասկանալի է` ռուսական թե հայկական, մինչ օրս
պարզորոշ պատասխան չի տվել այն պատճառների մասին, որոնք Վալերի Պերմյակովին դրդել
են նման սահմռկեցուցիչ չարագործության: Տվյալ պահի դրությամբ հանցագործը
շարունակում է մնալ 102-րդ ռուսական ռազմակայանում, իսկ գյումրեցիները պահանջում
են նրան հանձնել Հայաստանի արդարադատությանը: