Արցախցի գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալությունն ադրբեջանական և ռուսական հատուկ ծառայությունների ջանադիր աշխատանքի արդյունքն է, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը /Կոմանդոս/:
Նրա կարծիքով, ՌԴ ղեկավարությունը մասնակից չէ Հայրապետյանի ձերբակալությանը, սակայն գործը սարքվել է ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների ջանքերով: ՙՄենք Հայրապետյանի հետ միասին գտնվել ենք Արցախում, ինչից հետո նա մեկնել է Մոսկվա, սակայն ձերբակալությունից հետո, չգիտես ինչու, հայտարարել են, թե նա ժամանել է Մոնակոյից՚,- հայտարարել է Կոմանդոսը: Ըստ որում, Տեր-Թադևոսյանն ընդգծել է, որ Հայրապետյանի ներդրումն Արցախի զարգացման գործում, բանակի ֆինանսավորումը, ռազմական ուսումնարան ստեղծելու մտադրությունն ադրբեջանական խարդավանքների պատճառ է դարձել:
Պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանն իր հերթին տարակուսանք է հայտնել, որ ՌԴ դատարանը հրաժարվում է փոխել խափանման միջոցը: Ըստ որում, Ալեքսանյանը հայտարարել է, որ իրեն հայտնի հավաստի տեղեկատվության համաձայն, Արցախի նախագահը և Հայաստանի բարձրաստիճան անձինք ամենաբարձր մակարդակով զբաղվում են այդ հարցի կարգավորմամբ: Նշենք, որ հուլիսի 17-ին Մոսկվայի Բասմանի դատարանը Լևոն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է նշանակել 2 ամիս ազատազրկումը: Դատարանը նաև կալանք է կիրառել ՙԲաշնեֆտի՚ Հայրապետյանին պատկանող բաժնետոմսերի նկատմամբ, որոնք կազմում են շուրջ 300 մլն ռուբլի: Հայրապետյանը մեղադրվում է ՌԴ ՔՕ 160 հոդվածի (մսխում) և 174 հոդվածի (հանցավոր եկամուտների օրինականացում) հատկանիշներով: Հիշեցնենք, որ Հայրապետյնաը ձերբակալվել է Սերգեյ Ֆինագինի ղեկավարած հանցավոր խմբավորման գործունեությանն առնչվող գործի շրջանակներում: Խմբավորման գործունեությանը Հայրապետյանի հնարավոր մեղսակցության մասին քննիչներին հայտնել էր նախկին սենատոր Իգոր Իզմեստևը: