Սևանա լճում ձկնորսության լիցենզավորված համակարգը հանգեցրել է, գործնականում, բոլոր արժեքավոր ձկնատեսակների պաշարների խախտման, հաղորդել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ղեկավար Բարդուխ Գաբրիելյանը` մարտի 10-ին կայացած մամուլի ասուլիսում:
Ինչպես նշվել է, այդ համակարգն իրեն չի արդարացրել, և այժմ դրա վերանայման նախագծին առնչվող աշխատանքներ են տարվում: Գաբրիելյանի ասելով, համապատասխան քննարկումներ են ընթացել Սևանա լճի հարցերի հանձնաժողովում, Բնապահպանության նախարարությունում և կառավարությունում:
Այլընտրանքային ծրագրերը կարող են աշխատել մի քանի ուղղությամբ: Օրինակ, կարող են ստեղծվել ձկնորսական արտելներ կամ կոոպերատիվներ, կամ ներդրել տեղի ձկնորսներին ամսական աշխատավարձի վճարման համակարգ, որը կգերազանցի նրանց ներկայիս միջին ամսական եկամուտը: Փորձագետների կարծիքով, դա կարող է նրանց դրդել հրաժարվելու ապօրինի ձկնորսությունից:
Ինչ վերաբերում է Սևանի ձկնապաշարների վիճակին, ապա այստեղ Գաբրիելյանը դրական գնահատական է տվել Սևանում իշխանի պաշարների համալրման և ձկնաբուծության զարգացման ծրագրին, որի շրջանակում նախատեսվում է ինկուբատորի, փոքր տնտեսության, ձկնավերամշակման գործարարի ստեղծում: Գաբրիելյանի ասելով, ծրագրի շրջանակում այս տարի փորձնական մեկնարկ կտրվի մեկ ձկնային տնտեսության աշխատանքին:
Փորձագգետը հավաստիացրել է, որ կանցկացվի դիտարկում, ինչը թույլ կտա խուսափել օրգանական թափոններով լճի աղտոտումից:
2015 թվականի դեկտեմբերի տվյալներով, Սևանի սիգի պաշարները կազմել են 400-450 տոննա: Ինչ վերաբերում է իշխանին, ապա, չնայած դրա պոպուլյացիայի ավելացման ծրագրին և ամեն տարի լիճ մանրաձկան բաց թողմանը, դրա քանակը մնում է անփոփոխ (1-2 տոննա):