2001 թվականի ահաբեկչությունից հետո աշխարհը բախվեց միջազգային իսլամական ահաբեկչության նոր ձևերին: Այս մասին, մեկնաբանելով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա խոսքով, ահաբեկչության դեմ պայքարը գլոբալ առումով, առաջին հերթին, պետք է պարունակի տնտեսական բնույթի միջոցառումներ: «Մահմեդական երկրների երիտասարդները, չունենալով մշտական աշխատանք, շատ արագ են վարակվում իսլամական ռադիկալիզմի գաղափարներով»,-հայտարարել է փորձագետը: Նրա կարծիքով, անհրաժեշտ է բոլոր հնարավորություններով դիմակայել իսլամական ռադիկալիզմի գաղափարախոսության տարածմանը, քանի որ ծայրահեղ իսլամացումը ոչ մի ընդհանուր բան չունի իրական իսլամի հետ: Ռիչարդ Կիրակոսյանը չի հավատում, որ բանակցությունների սեղանի շուրջ կարելի է հասնել որևէ արդյունքի: «Ահաբեկչների հետ բանակցություններ վարելն անհնար է»,-հայտարարել է Կիրակոսյանը: Ինչ վերաբերվում է իսլամական ռադիկալիզմից Հայաստանի ազգային անվտանգությանը հնարավոր սպառնլիքներին, ինչպես նշել է փորձագետը, այն կարող է դիտարկվել այդ գործընթացում Ադրբեջանի ներգրավվածության աստիճանով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզի մի քանի շրջաններում տեղի են ունեցել ահաբեկչական գործողություններ: Երեք պայթյուն է որոտացել Stade de France մարզադաշտի մոտ, որտեղ ընթանում էր Ֆրանսիայի և Գերմանիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական հանդիպումը: Խաղին ներկա է եղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ում անմիջապես տարհանել են անվտանգության ծառայության աշխատակիցները: Միաժամանակ ահաբեկիչների խումբը պատանդներ է վերցրել Փարիզի Bataclan համերգասրահում, որտեղ այդ պահին ընթանում էր ամերիկյան Eagles of Death Metal ռոք-խմբի համերգը: Երկրի իշխանությունները որոշել են գրոհ իրականացնել հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերով: Վերջին տվյալների համաձայն, Փարիզում ահաբեկչական գործողությունների հետևանքով աոհվ ել է 153 մարդ: Ֆրանսիայի իշխանությունների հաղորդմամբ, 112 մարդ զոհվել է Bataclan համերգասրահում: Գրոհի ընթացքում ոչնչացվել է 4 ահաբեկիչ: Ականատեսները պատմել են, որ հարձակվողները հրաձգության ժամանակ գովաբանել են Ալլահին և բղավել. «Սա` Սիրիայի համար»: Ինչպես հաղորդել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը, ահաբեկչական գործողություններն իրականացվել են գրեթե միաժամանակ` վեց տարբեր կետերում: