Փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Պաշտպանության բանակի մամուլի
ծառայությունից, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր: Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 1979թ. ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը եւ 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: