Գործադիրը կայացրել է որոշում, չիմանալով, թե որքան է այդ որոշման կատարումը նստելու Հայաստանի Հանրապետության (հարկատուների) վրա: Ավելին, այս որոշումն ինչ-որ չափով աննախադեպ է, քանի որ դրա վերաբերյալ բացակայում է Ֆինանսների նախարարության տեղեկանքը՝ կապված բյուջետային ծախսերի ավելացման հետ, թեև նման տեղեկանքը միշտ առկա է անգամ մեծ ծախսերի հետ կապ չունեցող կառավարության որոշումների մասով: Այդ մասին ասվում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» հայտարարությունում, որի տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո գործակալությանը:
Հայտարարությունում ասվում է, որ երեկ էլեկտրական էներգիայի սակագնի մեղմման միջոցառման մասին ՀՀ կառավարության կայացրած որոշմամբ, մասնավորապես, նախատեսվում է սուբսիդավորել էլեկտրաէներգիայի 6,93 դրամով թանկացած սակագինը բնակիչ-բաժանորդների համար ամբողջությամբ և ամսական 0.38 կՎ լարմամբ 500 կՎտ/Ժ-ից ոչ ավել սպառող իրավաբանական անձանց համար՝ մասնակի: Ամսական առավելագույնը 1732 ՀՀ դրամի չափով սուբսիդիա կստանան միայն այն կազմակերպությունները, որոնց էլեկտրաէներգիայի ամսական ծախսը չի գերազանցի շուրջ 20 հազար ՀՀ դրամը: Սակայն, բավականին անհստակ են այդ սուբսիդիայի գործողության ժամկետները և դրա վրա ծախսվելիք պետական միջոցների ծավալը: Ու թեև «Իրազեկ քաղաքացիների միավորման» հաշվարկներով սուբսիդավորումը հարկատուների վրա ամսական շուրջ 1 միլիարդ 82 միլիոն ՀՀ դրամ է նստելու, սակայն զավեշտալի է այն փաստը, որ կառավարությունն ընդունում է որոշում՝ չունենալով տեղեկանք այն մասին, թե որքա՞ն գումար է ծախսելու դրա կատարման վրա:
«Որոշմամբ, ինչպես ասվեց, որևէ սուբսիդիա չի հատկացվելու խոշոր ձեռնարկություններին, գործարաններին, էլեկտրատրանսպորտի, ոռոգման և ջրամատակարարման կազմակերպություններին: Արդյունքում անխուսափելի է լինելու Հայաստանում արտադրված ապրանքների գնաճը, որը միջին վիճակագրական ընտանիքի համար տարեկան կտրվածքով ավելի քան 50 հազար դրամի լրացուցիչ բեռ է լինելու: Բացի այդ, Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն այժմ ամենաթանկն է ԱՊՀ տարածքում: Այն նաև շուրջ 2 անգամ ավելի թանկ է, քան ԵՏՄ տարածքի միջին սակագինը: Դա նշանակում է, որ տեղական արտադրողների արտադրանքը կորցնում է ԵՏՄ տարածքում իր մրցունակությունը, քանի որ, օրինակ, Ռուսաստանում նույն ապրանքը արտադրելու համար էլեկտրաէներգիայի ծախսը կկազմի երկու անգամ ավելի քիչ», - ասվում է հայտարարությունում: