Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի հավատում փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանի կոռումպացված լինելու և «Ավտոմատիկա» գործարանին առնչվող չկայացած գործարքին մասնակցության վերաբերյալ լուրերին: Մայիսի 25-ին խորհրդարանում նա այդ մասին հայտարարել է լրագրողներին:
«Այն խնդիրները, որոնք իրականացնում էր այդ գործարանը, վերանայվել են, վերախմբավորվել և տեղափոխվել «Պատնեշ» գործարան, որն ունի ավելի լայն հնարավորություններ, իսկ շենքերն ավելի հարմար են, և կան հակաօդային անվտանգության և ռադիոտեղորոշման հետախուզական համակարգերի արդիականացման մեծ հնարավորություններ», - նշել է նա: Նախարարը նաև նշել է, որ եղել են չարաշահումներ համասեփականատիրոջ կողմից, որը մի քանի անգամ հետ է կանգնել բաժնետոմսերի վաճառքից: Նրա ասելով, դա լուրջ գործարք է, հետևաբար, հարկավոր է լուրջ մոտեցում», - հայտարարել է նա: Նախարարը հավելել է, որ, հաշվի առնելով փոխնախարարի գործունեությունը, ինքը չի հավատում այն մեղադրանքներին, թե վերջինը փորձել է համասեփականատիրոջը ներքաշել կոռումպասված համակարգերի մեջ: «Դա ճիշտ չէ: Հարուցվել է քրեական գործ, որի ընթացքը պատասխաններ կտա շատ հարցերի», - հայտարարել է նախարարը:
Նշենք, որ 2013 թվականի ապրիլին կառավարությունը որոշում էր կայացրել մայրաքաղաքի «Ավտոմատիկա» ՓԲԸ բաժնետոմսերի 20%-ի ձեռք բերման վերաբերյալ (դրանով իսկ ձեռնարկությունը դառնում էր 100% պետական մասնակցությամբ տնտեսավարող սուբյեկտ)` այնտեղ ՀՕՊ ժամանակակից համակարգերի, առաջին հերթին, «Էս-300» համալիրների վերանորոգման և արդիականացման աշխատանքներ կազմակերպելու համար: Մոտավորապես նույն ժամանակ, ԶԼՄ-ների համար աննկատ, 90 աշխատող ունեցող ձեռնարկությունում տեղի էր ունեցել գործադուլ:
Սակայն շուտով մասնագետները հանգել էին հետևության, որ «Ավտոմատիկա» ՓԲԸ շենքերն ու շինությունները, ընդհանրապես, չեն համապատասխանում նշված խնդիրներին: Ռուսաստանի և Բելառուսի ռազմական փորձագետների հետ համատեղ հետազոտությունների արդյունքում որոշում էր կայացվել ՀՕՊ համակարգերի վերանորոգման և արդիականացման համար օգտագործել ՀՀ ՊՆ կառավարման ներքո գործող «Պատնեշ» ՓԲԸ-ն, որը կառուցվել էր Հրազդանում` դեռ 1980-ական թվականներին:
Նախատեսվում էր ձեռնարկությունը դարձնել ռադիոէլեկտրոնային ռազմական տեխնիկայի վերանորոգման տարածաշրջանային կենտրոն: Ի դեպ, այդ ձեռնարկությունը, որը ուներ 47 հոգուց կազմված անձնակազմ, 2012 թվականի 8 ամիսների ընթացքում գրեթե երկու անգամ ավելացրել էր իրականացվող աշխատանքների ծավալը և գրեթե չորս անգամ ավելացրել վճարումները պետբյուջե: Հենց այն ժամանակ էլ «Ավտոմատիկա» ՓԲԸ բաժնետոմսերի 20% ձեռք բերելու կառավարության որոշումը չեղյալ էր հայտարրավել, իսկ բաժնետոմսերի պետական փաթեթի (80%) կառավարման լիազորությունները հանձնվել էին Էկոնոմիկայի նախարարությանը: