Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումը չի հանգեցնի Ռուսաստան արտագաղթող Հայաստանի
քաղաքացիների թվի աճի: Առցանց մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Սանկտ
Պետերբուրգի եվրոպական համալսարանի պրոֆեսոր և British
Petroleum պրոֆեսուրայի անվանական
պրոֆեսոր Սերգեյ Աբաշինը:
«ԴՄԾ պաշտոնական տվյալներով, վերջին երկու տարում մենք
տեսնում ենք, որ Ռուսաստանում մշտապես գտնվում է Հայաստանի մոտ կես միլիոն
քաղաքացի: Եվ դա` չհաշված Ռուսաստանի քաղաքացիություն ընդունած հայաստանցիներին:
Այդ մակարդակը բավականին կայուն է: Կարծում եմ, որ ԵԱՏՄ-ին անդամակցումը և
բնակության ու աշխատանքի տեղավորման կանոնների փոքր-ինչ պարզեցումը չի հանգեցնի
Ռուսաստան արտագաղթող Հայաստանի քաղաքացիների թվի էական աճի: Ավելի շուտ կարելի է
խոսել միայն այն մասին, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում օրինականացման որոշ
նոր հնարավորություններ թույլ չեն տա այդպիսի միգրանտների թվի չափազանց նվազում»,
- նշել է նա:
Միևնույն ժամանակ, պատասխանելով դեպի Ռուսաստան անդամ
պետություններից միգրացիոն հոսքերի վրա ԵԱՏՄ ազդեցության մասին հարցին, Աբաշինը
ընդգծել է, որ ԵԱՏՄ ստեղծման համատեքստում վարվող նախագծերն ու բանակցությունները
ներառում են նաև միգրացիայի հարցը: Հաշվի առնելով, որ դրանք ենթադրում են
Ռուսաստանում գտնվելու և աշխատանքի տեղավորվելու կանոնների պարզեցում ԵԱՏՄ
երկրների քաղաքացիների համար, պրոֆեսորը կարծում է, որ նման կանոնների ընդունումը
դյուրին կդարձնի միգրանտների լեգալացման գործընթացը:
Մամուլի
ասուլիսը կազմակեպվել էր Հայաստանում ՄԹ դեսպանության աջակցությամբ` «Ռեգիոն»
հետազոտական կենտրոնի «Արդիական երկխոսություններ հայկական լրատվամիջոցների համար»
նախագծի շրջանակում: