«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն անհրաժեշտ է վերացնել` քանի դեռ այն չի ապակայունացրել ողջ աշխարհը: Այդպիսի համոզմունք է հայտնել ԱՄՆ կոնգրեսական, Եվրոպայի ու Եվրասիայի սպառնալիքների հարցերի ենթակոմիտեի ղեկավար Դեյնա Ռորաբահերը։
«Կարծում եմ, որ եթե «Իսլամական պետությունը» շարունակի հաջողություններ գրանցել և նվաճել նոր տարածքներ, սպանելով անթիվ մարդկանց, ապա մենք ականատես կլինենք նոր միության ձևավորման, որում կհայտնվեն այն ժողովուրդները, որոնք մինչ այդ չէին կարողանում համաձայնության հասնել», - նշել է կոնգրեսականը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանով հեռարձակված հարցազրույցում: Նա ընդսմին կարծում է, որ ահաբեկչության և արմատական իսլամի սպառնալիքը կարող է միավորել հայերին ու ադրբեջանցիներին:
Ռորաբահերն ընդգծել է, որ արմատական ահաբեկիչների քսենոֆոբիական գաղափարախոսությունը կարելի է հաղթահարել միասնական ջանքերով` ինչպես կոմունիզմի դեմ պայքարի դեպքում:
«Ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ին անհրաժեշտ է համագործակցել բոլոր երկրների հետ, այդ թվում` այն երկրների, որոնց հետ որոշ տարաձայնություններ կան: Այս պատերազմում ԱՄՆ և Ռուսաստանը նույն կողմում են: Մեր և Ռուսաստանի թշնամին մեկն է` արմատական իսլամականները», - եզրափակել է ԱՄՆ կոնգրեսականը: