Եվրամիության ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի ուժի մեջ մտնելուց և Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումից հետո, հայ-վրացական առևտրային հարաբերություններում ի հայտ են եկել խնդիրներ, որոնց լուծման նպատակով առաջիկայում կկայանան երկկողմ բանակցություններ:
Այդ մասին «Ազատության» հետ զրույցում հայտնել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:
Նրա
ասելով, կան որոշ դետալներ, որոնց հստակեցման նպատակով նոյեմբերի 11-ից 12-ը Երևան է ժամանելու Վրաստանի էկոնոմիկայի նախարարը: «Հարկավոր է աչքի անցկացնել երկու պայմանագրերը,
պետք է համեմատել մեր ու ձեր պարտավորությունները, և եթե կան ինչ-որ կետեր, որոնք հակասում են միմյանց՝ մեր պարտավորությունները,
ձեր պարտավորությունները, այդ դեպքում պետք է կոնկրետ ելքեր փնտրել այդ իրավիճակից:
Չեմ կարծում, որ նման հարցեր շատ կլինեն: Անգամ ենթադրում եմ, որ անհաղթահարելի հարցեր չեն լինի», - ասել է դեսպանը: Նա ընդգծել է, որ վրացական
կողմը դեռևս ծանոթ չէ Եվրասիական միության հետ Հայաստանի պայմանագրի վերջնական տարբերակին: «Այնպես, որ պետք է արհեստավարժները նստեն ու համեմատեն մեր պարտավորությունները Եվրոպայի առջև և ձեր պարտավորությունները Եվրասիական միության առջև», - նշել է Շարմանաշվիլին: Դիվանագետը նաև ընդգծել է, որ Վրաստանն ու Հայաստանը կկարողանան լուծել ի հայտ եկած խնդիրները՝ առանց Բրյուսելի ու Մոսկվայի հետ համաձայնեցման:
«Հարցերի մեծ մասը մենք կկարողանանք լուծել: Եթե լինեն ինչ-որ դետալներ, որոնք նույնպես կծագեն մեր պարտավորություններից: Եթե կլինեն այնպիսի պարտավորություններ, որոնց կապակցությամբ հարցերի մի շրջանակ պետք է համաձայնեցնել Եվրամիության ու Եվրասիական միության հետ, ապա՝ այո՛, կհամաձայնեցնենք: Բայց չեմ կարծում, որ մեր փոխհարաբերությունները այդքան մեծ հարց են, որ պետք է նրանց մոտ ինչ-որ բան համաձայնեցնել: Եվրամիության հետ մենք և դուք ունենք առևտրային արտոնյալ պայմաններ: Մեր երկրները այդքան մեծ չեն, որպեսզի մեր երկկողմ առևտրային հարաբերությունները իրենց ազդեցությունը ունենան ԵՄ ու ԵՏՄ տնտեսությունների վրա, որպեսզի նրանք էլ դեմ լինեն հայ-վրացական առևտրատնտեսական սերտ հարաբերություններին», - նշել է դեսպանը, խորհուրդ
տալով սպասել և լավատեսություն դրսևորել, քանի որ, նրա համոզմամբ, երկու երկրների
իշխանությունները տրամադրված են բարեկամաբար և վճռականորեն: «Հայաստանի վերաբերյալ Մոսկվայի հետ մենք չենք խոսի: Հայաստանի հետ մեր հարաբերությունների վերաբերյալ խոսելու ենք Երևանի հետ: Մեր երկկողմ հարաբերությունները, մեր երկկողմ հարաբերություններն են, իսկ եթե հետո ինչ-որ մեկը կցանկանա ինչ-որ բան հստակեցնել իր դաշնակցի հետ, դա արդեն իր գործն է», - եզրափակել է Թենգիզ Շարմանաշվիլին: