Այն փաստը, որ այժմ տարածաշրջանում, ինչպես նաև ընդհանուր առմամբ աշխարհում աշխարհաքաղաքական բարդ իրավիճակ է, ամենևին չի նշանակում, որ Հայաստանը չպետք է բարեփոխումներ իրականացնի երկրի ներսում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածն այն մասին, որ ստեղծված աշխարհաքաղաքական բարդ պայմաններում, ինչը վտանգ է ներկայացնում այդ թվում՝ Հայաստանի համար, նման հայեցակարգային սահմանադրական փոփոխություններ իրականացնելն աննպատահարմար է, քանի որ դա կարող է խարխլել իրավիճակը երկրում և խոցելի դարձնել այն արտաքին մարտահրավերների համար:
ՙԵս հակառակ տեսակետի կողմնակից եմ. հենց ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում անհրաժեշտ է խորքային բարեփոխումներ անցկացնել, որոնք կնպաստեն արտաքին մարտահրավերներին դիմակայելու երկրի պատրաստվածության բարձրացմանը, դա վերաբերում է նաև սահմանադրական բարեփոխումներին՚,- հայտարարել է Սահակյանը:
Անդրադառնալով Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի բնակչության շուրջ երեք-քառորդը դեմ է սահմանադրական փոփոխություններին, և որ սահմանադրական բարեփոխումների կողմնակիցները ժողովրդին համոզելու որեւէ բանական փաստարկ չունեն՝ հանձնաժողովի ղեկավարը նշել է. ՙԻնչ վերաբերում է պնդմանը, թե բնակչության երեք-քառորդը դեմ է սահմանադրական փոփոխություններին, Տեր-Պետրոսյանը հավանաբար շփոթել է այդ տվյալները 1995 թ. սահմանադրական հանրաքվեի տվյալների հետ (Հայաստանի առաջին սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք-խմբ./: Սահմանադրական բարեփոխումների անցկացման օգտին իշխանությունների փաստարկների բացակայության վերաբերյալ Տեր-Պետրոսյանի հավաստումները նույնպես անհիմն են: Մեր օգտին ամենածանրակշիռ փաստարկը բարեփոխումների նախագծի շուրջ քաղաքական դաշտի լայն համախմբումն է: Ըստ որում, նկատեք, հանրաքվեի գաղափարի շուրջ համախմբվել են նաև ընդդիմադիր դաշտում գտնվող քաղաքական ուժերը, իսկ դա վկայում է բարեփոխումների օգտին իշխանությունների ունեցած ծանրակշիռ փաստարկների մասին, իսկ այդ համախմբման արդյունքն այն փաստն էր, որ Ազգային ժողովի 131 պատգամավորից 101-ը հավանություն է տվել բարեփոխումների նախագծին՚: