ՙՕքսֆամ՚ հայաստանյան գրասենյակը Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) հետ միասին ներկայացրել են «Տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկում՚ և «ՀՀ մարզերում միայնակ տարեցներին, հաշմանդամներին տնային պայմաններում և տարեցների ցերեկային խնամքի կենտրոններում սոցիալական սպասարկում՚ բյուջետային ծրագրերի անկախ մոնիտորինգի արդյունքները, որոնց շրջանակներում շուրջ 3300 միայնակ տարեց և հաշմանդամ քաղաքացիների տնային պայմաններում տրամադրվել է կենցաղային, բժշկական, իրավաբանական, հոգեբանական և այլ ծառայությունները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունում, մոնիտորինգի ընթացքում պարզվել է, որ ծառայությունները լիովին մատուցվել են շահառուների 26.6 տոկոսին, 39 տոկոսին՝ մասամբ են մատուցվել, 34.3 տոկոսին ընդհանրապես չեն մատուցվել: Սոցիալական աջակցություն ստացածների 32,1 տոկոսը գոհ է մնացել, 31,4 տոկոսը՝ շատ գոհ, դժգոհ կամ շատ դժգոհ է 7,1 տոկոսը:
Պարզվել է նաև, որ շահառուների 3,1 տոկոսը, ովքեր ընդգրկված են սոցիալական ծրագրում, չեն համապատասխանում ծրագրում ընդգրկման պայմաններին, որից 0,5 տոկոսը նման ծառայությունների կարիքը չունի:
Ինչպես նշել է EDRC ներկայացուցիչ Կարինե Հարությունյանը, ընդհանուր առմամբ ցածր է նաև ծրագրի մասին իրազեկվածության մակարդակը: Նրա խոսքով, շահառուների 60 տոկոսը տեղյակ չէ, թե իրեն ինչ ծառայություն պետք է մատուցվի: Ըստ որում, Կ. Հարությունյանն ընդգծել է, որ պետության կողմից ծրագրերի իրականացման նպատակով հատկացված միջոցները բավարար չեն բարձր մակարդակով ծառայություններ մատուցելու համար: Ընդգծվել է նաև ծրագրերի իրականացման արտաքին մոնիտորինգի գործիքների ընդլայնման անհրաժեշտությունը՝ ներգրավելով հասարակական հատվածը: Սակայն, բյուջետային միջոցները թույլ չեն տալիս դա:
Այս առումով ծրագրի հեղինակներն առաջարկում են վերանայել բյուջետային ծրագրի կատարման ոչ ֆինանսական ցուցանիշները և տնային պայմաններում սոցիալական սպասարկման նվազագույն չափորոշիչները:
Նշենք, որ ՙՕքսֆամ՚ հայաստանյան գրասենյակը և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (EDRC) այս տարի արդեն երկրորդ անգամ են նման ուսումնասիրություն անցկացնում:
Oxfam-ը անկախ միջազգային բարեգործական կազմակերպություն է, որը հիմնվել է 1942 թվականին Մեծ Բրիտանիայում (Օքսֆորդ), ընգրկում է ավելի քան 70 երկիր: Հայստանում ծրագիրը հաստատվել է 1993 թվականի մարտին և աջակցում է ՀՀ կառավարությանն ազգային զարգացման գերակայությունների իրականացման հարցում:
Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (EDRC) անկախ հետազոտական ինստիտուտ է, որը հիմնվել է 2001 թվականին Երևանում՝ սոցիալական զարգացման ոլորտում անկախ հետազոտություններ իրականացնելու նպատակով: