Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կդադարեցնի Մինսկի գործընթացը: Սյդ մասին Trend-ին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:
Նրա խոսքով, դա իր հերթին կհանգեցնի կողմերի միջև ռազմական բախման: ՙԵթե Լեռնային Ղարաբաղը ճանաչելու Հայաստանի ցանկությունն իրական լիներ, Հայաստանը վաղուց կգնար այդ քայլին: Թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին պատերազմ պետք չէ: Ներկայիս իրավիճակը ձեռնտու է միայն Ռուսաստանին: Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը հնարավորություն է տալիս Ռուսաստանին մանիպուլյացիայի ենթարկել կողմերին՚,- ասել է Բրայզան: Նրա խոսքով, Նալբանդյանի հայտարարության մեջ զարմանալի ոչինչ չկա:
ՙՈւժ գործադրելու սպառնալիքը, դիպուկահարների հետ կապված միջադեպերը դիվանագիտական բանակցությունների ևս մեկ ձև են: Ինչպես ասել է Կարլ Կլաուզևիցը՝ «պատերազմը քաղաքականության շարունակությունն է՚,- հայտարարել է Բրայզան: ՙՔաղաքականության և դիվանագիտական բանակցությունների ևս մեկ ձև է ուժի սպառնալիքը, և Նալբանդյանն իր հայտարարությունում օգտագործել է այդ գործիքը՚,- ասել է նա:
Միաժամանակ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Խիքմեթ Հաջիևը, մեկնաբանելով Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղը ճանաչելու հնարավորության վերաբերյալ Նալբանդյանի հայտարարությունը, հայտարարել է, որ Հայաստանն ՙանհարգալից վերաբերմունք է ցուցաբերում միջազգային հանրության դիրքորոշման նկատմամբ և շարունակում կոպտորեն խախտել միջազգային իրավունքի համընդունելի նորմերն ու սկզբունքները, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջները՚,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու պատրաստակամության մասին՝ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: ՙԲազմիցս հայտարարվել է, որ եթե խաղաղարար բանակցությունները չշարունակվեն, և իրականում խոսք գնա ռազմական գործողությունների մասին, Հայաստանը համապատասխան գործողություններ կձեռնարկի՝ ներառյալ ԼՂՀ ճանաչումը՚,- խորհրդարանում հայտարարել է Նալբանդյանը՝ պատասխանելով ՙԺառանգություն՚ կուսակցությունից պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին: