Պրն. փոխխոսնակ, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:
Բնական իրավիճակ`երբ ընդդիմությունը քննադատում է իշխանությանը, իսկ իշխանությունը, չնայած դրան, փորձում է նորմալ աշխատել: Վերջիվերջո, սա առաջին գարունը չէ, որն սկսվում է ընդդիմության հանրահավաքներով, այնպես որ`ամեն ինչ բնական հունով է ընթանում: Բայց կարծում եմ, որ այս անգամ ընդդիմությունը ֆալստարտ է թույլ տվել, քանի որ շատ լավ գիտակցում է, որ մինչև 2017 թ. հերթական խորհրդարանական ընտրությունները քաղաքական լուրջ գործընթացներ Հայաստանում չեն լինի: Քաղաքական նորմալ ռազմավարությունն ընտրություններին քաղաքական ուժերի մասնակցության և ընտրությունների ճանապարհով փոփոխությունների իրականացման մեջ է կայանում: Օրինակ` այժմ Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունենում, ճնշող մեծամասնությամբ հաղթանակ է տարել Հանրապետական կուսակցությունը, և միայն մի քանի շրջանում` ՙԲարգավաճ Հայաստանը՚, ընդամենը մեկ վայրում` ՀՅԴ-ն: Հայ ազգային կոնգրեսն ընդհանրապես չի մասնակցել ընտրություններին: Սրանով ամեն ինչ ասված է:
Այսինքն` Դուք գտնում եք, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը հանգիստ է, և որևէ արտառոց գործընթաց պետք չէ՞ սպասել: Իսկ ի՞նչ կասեք քաղաքացիական հատվածի չափազանց ակտիվացման առնչությամբ` կառավարության վերջին քայլերից հասարակական դժգոհության պայմաններում:
Կարծում եմ, որ այս առումով ևս իրավիճակը բնականոն կերպով է զարգանում: Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և քաղաքացիներն իրավունք ունեն ազատորեն իրենց տեսակետը հայտնել այս կամ այն հարցի առնչությամբ և դրա համար ընտրել ցանկացած սահմանադրական մեթոդ:
Ձեր կարծիքով, ինչո՞վ կավարտվի ոչ իշխանական չորս ուժերի /Հայ ազգային կոնգրես, ՙԲարգավաճ Հայաստան՚, ՀՅԴ և ՙԺառանգություն՚/ համագործակցությունը:
Եթե հիշում եք, այդ չորս ուժերը նախկինում էլ պարբերաբար համախմբվել են այս կամ այն հարցի շուրջ`թե’ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, թե’ դրանցից հետո, սակայն առանձնակի արդյունք այդ համախմբումը չի արձանագրել: Կարծում եմ, որ այդ քաղաքական ուժերի կողմից այսօր առաջ քաշված օրակարգն արհեստական է: Եթե կառավարությունը փոխելու անհրաժեշտություն առաջանա, նախագահը կառավարող մեծամասնության հետ միասին կանի դա`չսպասելով ընդդիմության խորհուրդներին: Ամբողջ աշխարհում կառավարությունները նշանակվում և ցրվում են երկրի ղեկավարության կողմից:
Ընդդիմության վերջին հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին համեմատեց ՙՎրացական երազանքի՚ առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հետ: Արդյո՞ք տեղին եք համարում այդ համեմատությունը, և արդյո՞ք Հայաստանի քաղաքական դաշտում իվանիշվիլիներ կան:
Կարծում եմ`Հայաստանում իվանիշվիլիներ չկան:
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի երկրորդ նախագահի գործոնը ներկայումս տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներում`հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի վերջին բավականին սուր հարցազրույցները և այն փաստը, որ նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն, ըստ էության, առաջին անգամ չի հերքել մեծ քաղաքականություն երկրորդ նախագահի վերադարձի հնարավորությունը…
Մեծ քաղաքականություն Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի հարցի շուրջ մեր կուսակցությունը երբեք քննարկումներ չի անցկացրել: Եվ անկախ այս կամ այն քաղաքական գործիչների ծրագրերից`մեր կուսակցությունը շարունակում է իր ծրագրերն իրականացնել:
Պրն. Շարմազանով, վերջին ժամանակներս ԶԼՄ-ներում հաճախ են լուրեր շրջանառվում, որ ներկայումս պատրաստվող սահմանադրական բարեփոխումների նախագիծը, ըստ էության,ուղղված է նախագահական երկրորդ ժամկետից հետո Սերժ Սարգսյանի իշխանության պահպանմանը, այսինքն`փաստաթուղթը ենթադրում է հանրապետության անցումը կառավարման խորհրդարանական համակարգի, որտեղ հիմնական իշխանությունը կենտրոնացած կլինի վարչապետի ձեռքում, և, համաձայն նույն տեղեկատվության, Սերժ Սարգսյանը նախատեսում է վարչապետ դառնալ 2018 թ. հետո: Ձեր մեկնաբանությունները…
Կոռեկտ չեմ համարում գնահատականներ տալ փաստաթղթի վերաբերյալ, որը դեռևս մշակման փուլում է գտնվում և չի հրապարակվել:
Անդրադառնալով արտաքին օրակարգի հարցերին`Ձեր կարծիքով, արդյո՞ք Մաքսային միությունը կայացած կառույց կդառնա առանց Ուկրաինայի:
Ուկրաինայի ներկայիս գործընթացների հետևանքներն անկանխատեսելի են: Հայաստանը միայն ցանկանում է, որպեսզի մեր բարեկամ այդ երկրում գործընթացները խաղաղ ընթանան`առանց մեծ ցնցումների: Ինչ վերաբերում է Մաքսային միությանը`չեմ կարծում, որ առանց Ուկրաինայի այդ կառույցը չի կայանա: Կարծում եմ, որ արդեն 2014 թ. Հայաստանը ՄՄ անդամ կդառնա:
Պրն. Շարմազանով, վերջին ժամանակներս շատ փորձագետներ սկսել են զուգահեռներ անցկացնել Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի միջև`պնդելով, որ հանրաքվեի միջոցով թերակղզու հնարավոր ինքնորոշումը կարող է նախադեպ հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի համար: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը:
Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հիմքերն ինքնին շատ ամուր են, և այս համատեքստում պետք չէ նախադեպեր փնտրել: Ինչ վերաբերում է Ղրիմի հանրաքվեին, դրանից առաջ էլ եղել են նախադեպեր`Աբխազիա, Օսիա, Արևելյան Թիմոր, և ընդհանրապես աժմ աշխարհում նկատվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի գերիշխման միտում: Դրա վկայությունն են Եվրոպայում տեղի ունեցող գործընթացները: Ներկայումս Եվրոպայում մետրոպոլիայից սուբյեկտների ինքնորոշման երկու զուգահեռ գործընթաց է տեղի ունենում`
Կատալոնիան փորձում է առանձնանալ Իսպանիայից, Շոտլանդիան`Մեծ Բրիտանիայից, և սրանով ամեն բան ասված է: