Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Բանկի աջակցությամբ հրատարակված չորս գրքերի շնորհանդեսը:
Մանրամասն ներկայացվեցին արդեն տեղի ունեցած միջոցառումները, մասնավորապես՝ ապրիլի 28-ին Փարիզի քաղաքապետարանում մեծ շուքով բացված «ՀԱՅԱՍՏԱՆ 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագիրը կրող ցուցադրությունը: Միջոցառումների շրջանակում բանկի կողմից ֆինանսավորվել է <Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին, Դարդանելից մինչև Պաղեստին, Հարյուր լուսանկարչական պատմություններ Հայոց Ցեղասպանության մասին Հոշոտված Հայաստան> գրքերի հրատարակչական և թարգմանչական աշխատանքները:
«Այս պատմական ցուցադրությունը հնարավոր չէր լինի կազմակերպել, եթե չլիներ Փարիզի քաղաքապետ տիկին Աննա Իդալգոյի բարձր պատրաստակամությունը և հովանավորությունը, ինչի համար շատ երախտապարտ ենք նրան: Շնորհակալություն եմ հայտնում նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությանը, ՀՑԹԻ բարերար և իմ բարեկամ Ջևան Չելոյանցին, բանկին և բոլոր նրանց, ովքեր աջակցեցին ցուցադրության կազմակերպմանը»,-նշում է ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:
Միջոցառումների շրջանակներում տպագրված բոլոր 4 գրքերը` Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ հատորը, Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչև Պաղեստին» սկզբնաղբյուրային հուշագրույթունը, «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագիծը և Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» ներկայացված են Փարիզի քաղաքապետարանում գործող գրքերի ցուցահանդես-վաճառքին:
«Մենք չէիք կարող անմասն մնալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառուներից և հատկապես Փարիզի քաղաքապետարանի շենքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից նախաձեռնված ցուցադրությունից: Իրականացվող ցուցադրությունը, բացառիկ է թե՛ իրանակացման վայրով, թե՛ ստացած հնչեղությամբ: Համոզված եմ, որ ցուցադրության շնորհիվ բազմաթիվ մարդիկ տեսան և իմացան, թե ինչ է իրականում կատարվել 20-րդ դարիսկզբին: Շատ կարևոր է Հայոց ցեղասպանության մասին նման մակարդակով բարձրաձայնել ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հանրության շրջանակներում: Կցանկանամ նաև շնորհակալություն հայտնել թանգարան-ինստիտուտի ամբողջ անձնակազմին և պարոն Հայկ Դեմոյանին՝ նման մեծ գիտականաշխատանք կատարելու համար»,- նշում է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: