Ժողովրդավարական Արցախը երբեք սուլթանական Ադրբեջանի մաս չի դառնա, մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը: Վերջինս, մասնավորապես, հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է ինքնավարության ամենաբարձր մակարդակ տրամադրել Լեռնային Ղարաբաղին:
Մելքոնյանի խոսքով, Արցախին լայն ինքնավարություն տրամադրելու հարցը նորություն չէ: Նա գտնում է, որ այս անգամ Ադրբեջանի նախարարն այդ թեմային անդրադարձել է`ելնելով Ղրիմի խնդրից և համանման այլ կոնֆլիկտային իրավիճակներից: ՙԱդրբեջանի կազմում Արցախի ընդգրկվելը` լայն ինքնավարությամբ, ֆանտաստիկայի ժանրից է, քանի որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ժողովրդավարական և ինստիտուցիոնալ զարգացման առումով շատ ավելի առաջ է իր արևելյան հարևանից: Չի կարող ժողովրդավարական հանրապետությունը սուլթանության մաս կազմել՚,- ասել է Մելքոնյանը: