Ինչպե՞ս եք պատկերացնում Մաքսային միության և Եվրասիական միության վերջանական ձևավորման հեռանկարներն ուկրաինական վերջին իրադարձությունների համատեքստում: Կիևում իշխանափոխությունը, կարծես, արգելակել է Մոսկվայի եվրասիական նախագծերը...
Կիևում իշխանափոխություն չի արգելակել, այլ, ընդհակառակը, արագացրել է Եվրասիական տնտեսական միության ձևավորումը: Դեպի Եվրամիություն Ուկրաինայի ակնհայտ ուժային ՙվերակողմնորոշումը՚ դրդել է Հայաստանին և Ղրղըզստանին ակտիվ մասնակցություն ունենալ Եվրասիական տնտեսական միությանը և էլ ավելի ամրապնդել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի համագործակցությունը: Կիևում պետական հեղաշրջումը մի շարք ոչ արևմտյան երկրների քաղաքակիրթ ինքնորոշման կատալիզատորի դեր է խաղացել, որոնք սկսել են քննարկել ԵվրԱզԷՍ-ի հեռանկարները`Վիետնամ, Հարավային Կորեա, Մոնղոլիա, Իրան, Սիրիա, Թուրքա:
Նուրսուլթան Նազարբաևի հրաժարվելուց հետո ՀԱՊԿ մոսկովյան գագաթնաժողովը փոխարինվել է Հայաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի և Տաջիկստանի գործընկերների հետ Ռուսաստանի նախագահի ոչ ֆորմալ հանդիպման ձևաչափով: Հաշվի առնելով, որ հանդիպմանը քննարկվել է ուկրաինական թեման` հանդիպմանը մասնակցությունից Նազարբաևի հրաժարվելը կարող է արդյոք նշանակել Ուկրաինայի առնչությամբ Մոսկվայի դիրքորոշմանն աջակցությունից հրաժարում:
Ասել է, թե Նազարբաևը հրաժարվել է մասնակցել Ռուսաստանի և ԱՊՀ կազմի մեջ մտնող այլ երկրների գործընկերների հետ հանդիպմանը, սխալ կլիներ: Ղազախստանի նախագահն ուղղակի աննպատակահարմար է գտնել քննարկել Ուկրաինայի իրավիճակն առաջարկված կազմով: ՙՆազարբաևի կարծիքով, Ուկրաինայի իրավիճակը գտնվում է Ռուսաստանի շահերի տիրույթում, այլ ոչ թե` ՀԱՊԿ անդամ երկրների: Բացի այդ, իրավիճակի զարգացումն Ուկրաինայում և այդ առնչությամբ ՀԱՊԿ դիրքորոշումն այնքան նուրբ հարց է, որ այն հազիվ թե արժե քննարկել լայն շրջանակում, քանի դեռ չեն հստակեցվել մի շարք նյուանսներ:
Ղազախստանի նախագահի հետ հանդիպման արդյունքում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսը հայտարարել է, որ Վաշինգտոնը և նրա գործընկերները կշարունակեն մեծացնել Ռուսաստանի նկատմամբ ճնշումը, քանի դեռ Մոսկվան չի փոխել Ուկրաինայի առնչությամբ իր ուղեգիծը: Հնարավո՞ր եք համարում արդյոք իրադարձությունների նման զարգացումը:
ԱՄՆ-ին զիջումների գնալու Ռուսաստանի ցանկության բացակայության համատեքստում Վաշինգտոնի վարչակազմն, իհարկե, կմեծացնի Ռուսաստանի նկատմամբ իր ճնշումը: Մեր երկրի հանդեպ պատժամիջոցները, ամենայն հավանականությամբ, ոչ թե վախ, Վաշինգտոնին զիջումների գնալու ցանկություն կառաջացնեն, այլ, ընդհակառակը`արևմտյան ՙգործընկերների՚ կողմից իրականացվող քաղաքականության առնչությամբ ավելի կոշտ դիրքորոշում ձևավորելու ձգտում`ընդհուպ արտաքին քաղաքական դոկտրինայի փոփոխությունը և ՙփափուկ ուժի՚ կոնցեպտից անցումը ՙխելացի ուժի՚ կամ ՙարդար ուժի՚: ՙԱրդար ուժի՚ նման կոնցեպտ է օրերս պատրաստվել ԵվրԱզԷՍ ինստիտուտի կողմից և արդեն ներկայացվել ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության քննարկմանը: ԱՄՆ նկատմամբ քաղաքականության փոփոխությունն անհրաժեշտություն է և թելադրված է գլոբալ քաղաքականությունում վերջին մարտահրավերներով:
Եվրասիական նախագծերին մասնակցելու Վրաստանի և Ադրբեջանի ցանկության բացակայությունը մեծացնում է դրանց Հայաստանի մասնակցության նշանակությունը` որպես միակ կովկասյան երկրի: Այնուամենայնիվ, ՄՄ-ին հանրապետության անդամակցության պայմանների շուրջ բանակցություններն առայժմ հաջողությամբ չեն պսակվել: Արդյո՞ք ՄՄ անդամ երկրների մաքսազերծման ընդհանուր պայմաններից բացառման ենթակա ապրանքացուցակը ձգձգման հիմնական պատճառ եք համարում:
Չեմ կարծում, թե Վրաստանը և Ադրբեջանը չեն ցանկանում մասնակցել Մոսկվայի եվրասիական նախագծերին: Խնդիրն այլ է: Թբիլիսիի և Բաքվի համար, արտաքին մի շարք պատճառներով, ավելի շահավետ է այսօր հարաբերական ՙչեզոքություն՚ դրսևորել, և, համապատասխանաբար, հեռավորություն պահպանել ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Մաքսային միությունից: Ինչ վերաբերում է Հայաստանին, վերջինիս, արտաքին պատճառներով պայմանավորված, ձեռնտու է ավելի սերտ կապեր հաստատել Ռուսաստանի և ՄՄ հետ: Կարծում եմ, որ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ձգձումը կապված է այնպիսի տեխնիկական հարցերի հետ, ինչպես, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետների կարծիքով, ՄՄ անդամ երկրների մաքսազերծման ընդհանուր պայմաններից բացառման ենթակա ապրանքացուցակը:
Հետխորհրդային տարածքում Ռուսաստանի հիմնական գործընկեր Բելառուսն ինչու՞ շահագրգռվածություն չի ցուցաբերում վերջինիս եվրասիական նախագծերին մասնակցության հարցում:
Կարծում եմ, որ ԵվրԱզԷՍ-ում Բելառուսի հեռանկարների առնչությամբ Ալեքսանդր Լուկաշենկոյի ՙկասկածները՚ բացատրվում են Բելառուսի ղեկավարության պրագմատիկ-օգտապաշտական դիրքորոշմամբ: Առաջին հայացքից, իհարկե, անհասկանալի է, թե հետխորհրդային տարածքում Ռուսաստանի հիմնական գործընկերն ինչու շահագրգռվածություն չի ցուցաբերում վերջինիս եվրասիական նախագծերին մասնակցության հարցում: Սակայն, իրավիճակը պարզ է դառնում, երբ հիշում ենք, որ իր ՙկասկածները՚ հայտնելով Եվրասիական տնտեսական միության ստեղծման վերաբերյալ պայմանագրի ստորագրման նախաշեմին`Ալեքսանդր Լուկաշենկոն այդ ՙկասկածների՚ փարատման փոխարեն հերթական վարկը ստացավ Ռուսաստանից:
Վերլուծական հանրությունում կարծիք կա, որ Ուկրաինայում ռուսամետ ուժերի հաղթանակի դեպքում իրենց եվրասիական հեռանկարների հարցում ՙկասկածող՚ հետխորհրդային երկրների ցուցակում հաջորդը Մոլդովան և Ադրբեջանը կլինեն: Ձեր կարծիքով, որքանո՞վ է մեծ նման սցենարի իրականացման հավանականությունը:
Առաջինը`այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ է նշանակում Ուկրաինայում ռուսամետ ուժերի հաղթանակը: Եթե խոսքը վերաբերում է Կիևի կողմից Ուկրաինայի Հարավի և Արևելքի ֆեդերալացման առնչությամբ դիրքորոշման ճանաչմանը, ապա դա կլինի ոչ թե ռուսամետ ուժերի, այլ այդ երկրի այն ուժերի հաղթանակը, որոնք շահագրգռված են իրենց ինքնիշխանության և ինքնության պահպանման հարցում: Ուկրաինայի ֆեդերալացումը որևէ հետևանք չի ունենա Մոլդովայի համար. այդ երկիրը Եվրամիությանն ինտեգրման ուղեգիծ է ընտրել, և Եվրամիության ֆինանսական ասեղի վրա նստած Մոլդովայի ընտրախավին այսօր չի կարող կանգնեցնել նույնիսկ Մոլդովայից Մերձդնեստրի դե-ֆակտո անջատումը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Ուկրաինայում իրավիճակի`ֆեդերալացման կողմնակիցների օգտին զարգացումը որևէ այլ լուրջ հետևանք չի ունենա նաև Ադրբեջանի համար: Այդ երկրում ռուսախոս համայնք և որևէ նշանակալի ՙռուսամետ՚ ուժ չկա: Ընդհակառակը, Ուկրաինայում իրավիճակի զարգացումը և Եվրամիությանն Ուկրաինայի ՙինտեգրման՚ ուժային տարբերակն ապացույց է այն բանի, թե ինչ է սպասվում Ադրբեջանի ղեկավարության`եվրապաշտոնյաներին սիրաշահելու դեպքում: