Չնայած նոյեմբերի 24-ին Ռուսաստանի և Աբխազիայի միջև ռազմավարական պայմանագրի ստորագրման ժամանակ երկաթուղու աբխազական հատվածի բացման օգնությամբ Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերսկսման անհրաժեշտության վերաբերյալ Վլադիմիր Պուտինի ակնարկին`փորձագետների մեծ մասը հակված է այն կարծիքին, որ ռուս-աբխազական պայմանագիրն, ըստ էության, խաչ է դրել այդ նախագծի վրա: Ի՞նչ կարծիք ունեք այս առնչությամբ:
Այդ փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի ռուս-վրացական հարաբերություններում լարվածության հետագա սրման: Նման սցենարը կարելի է կանխարգելել միայն Վրաստանի իշխանությունում ռուսաստանամետ ուժերի հաստատման` վերջին ժամանակներս դիտվող միտումը շարունակվելու դեպքում: Իսկ Վրաստանի կառավարության վերջին փոփոխություններն ուղղակիորեն խոսում են նման հեռանկարների առկայության մասին: Մյուս կողմից` աբխազական երկաթուղու վերաշահագործումը, բազմաթիվ տեխնիկական խնդիրների առկայությունից զատ, պետք է պատասխանի մեկ գլխավոր հարցի. ոտեղո՞վ է անցնելու Վրաստանի սահմանը, և որտե՞ղ է կանգնեցվելու վրացակամ մաքսատունը: Եվ քանի դեռ այդ հարցը լուծված չէ, երկաթուղին չի բացվի: Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աբխազիայի և Ռուսաստանի միջև նոր պայմանագիրը գործնականում ենթադրում է Աբխախզիայի և Վրաստանի միջև այդ սահմանի անցկացում, ինչին Վրաստանում գործող իշխանությունները, երբեք չեն համաձայնի, ժամանակի ընթացքում աբխազական տեղամասի ապաշրջափակումը քաղաքական իմաստով միայն ավելի կդժվարանա:
Այդ դեպքում ո՞րն է ՌԴ նախագահի այդ հայտարարութան պատճառը:
Հաշվի առնելով հանգամանքը, որ Ռուսաստանի այսօրվա քաղաքականության 80% փիար է, Աբխազիայի հետ պայմանագրի ստորագրումն այդ տեսանկյունից, անշուշտ, լուրջ քայլ էր: Իսկ իրականում այդ պայմանագիրն էական ոչինչ չի բերի ոչ Ռուսաստանին, ոչ Աբխազիային, ոչ էլ որևէ մեկի: Դա Եվրասիական միության ոգով պայմանագիր է: Մոսկվան այսօր փորձում է ուկրաինական իրադարձություններին զուգընթաց որոշակի իրադարձություններ զարգացնել իր մյուս ծայրերկրներում: Այդ համատեքստում ես կառանձնացնեի և կգնահատեի կտրուկ փոփոխությունները Վրաստանի կառավարության կազմում, ինչպես նաև վերջին հայ-ադրբեջանական սրումը: Փաստորեն, Կրեմլի այդ քաղաքականությունից երևում է գլխավորը` Ուկրաինայում ամեն ինչ այնպես չընթացավ, ինչպես կցանկանար Վլադիմիր Պուտինը: Եվ այդ ՙոչ այնպեսի՚ դիմաց պետք է փոխհատուցել ձեռքբերումներով այլ վայրերում: Մյուս կողմից, հենց այդ ձեռքբերումները Պուտինի պատկերացումներում կոչված են փոխհատուցելու բացթողումները ուկրաինական ուղղությամբ:
Դուք նկատի ունեք, որ Իրակլի Ալասանիայի և նրա նախարարների հրաժարականը Կրեմլի լոբբինգի արդյու՞նք է:
Այն բանում, ինչ ոչ այնքան վաղուց տեղի ունեցավ Վրաստանում, անշուշտ, դեռ ամեն բան վերջնականապես պարզ չէ: Ակնհայտ է միայն այն, որ կառավարությունից հեռացան Վրաստանում բավականին հայտնի մարդիկ: Իսկ մնացին, ասենք այսպես, մարդիկ, ում քչերն են ճանաչում: Հեռացան հստակ արևմտամետ կողմնորոշում ունեցող մարդիկ, հեռացան` այդպես էլ անհայտ մնացող պատճառներով: Ուստի, միանգամայն բնական է, որ այս նոր կառավարությունը բոլոր շանսերն ունկ Վրաստանի արտաքին քաղաքականության վեկտորը Ռուսաստանի կողմը շրջելու համար: Որոշ տվյալների համաձայն, վրացական իշխանությունների ՙգլխավոր քարտուղարՙ Իվանիշվիլիի հիմնական հարստությունը գտնվում է Ռուսաստանում` սրանից իր և Վրաստանի համար բխող հետևանքներով:
Դուք նշեցիք Իվանիշվիլիի հավատարմությունը, այսպես ասած, ռուսական արժեհամակարգին: Մի՞թե դա գործոն չէ, ինչը թույլ է տալիս Աբխազիայի հետ Վրաստանի սահմանի ապաշրջափակում ակնկալել:
Ռուսաստանին անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը մշտապես իր գլխին կախված թուրքական սպառնալիք զգա: Այդ իսկ պատճառով նույնիսկ Բիձինա Իվանիշվիլիի հավատարմությունը ռուսական արժեհամակարգին թույլ չի տալիս Վրաստանի կողմից Աբխազիայի հետ սահմանի ապաշրջափակման հեռանկարայնություն ակնկալել: Մոսկվան շահագրգռված չէ Հայաստանի տնտեսական զարգացմամբ: Ռուսներին ձեռնտու է Հայաստանին շրջափակման մեջ պահել, քանի որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հուսալի ցամաքային կապի առկայության դեպքում Երևանն ուղղակի կանտեսեր Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակումը: Հայ-թուրքական խնդիրը կսառեցվի, իսկ Մոսկվան դա չի ցանկանում:
Գնահատեք ուկրաինական ճգնաժամի ներկայիս փուլը: Կիսվեք դրա զարգացման հեռանկարների Ձեր կանխատեսմամբ:
Ռուսական քաղաքականության նման հակասականության պայմաններում դժվարանում եմ միանշանակ գնահատական տալ, առավել ևս`կանխատեսել Ուկրաինայի շուրջ իրավիճակի հետագա զարգացումը: Միանշանակ է այն, որ Ռուսաստանը որոշակի խուճապի վիճակում է հայտնվել այն բանից հետո, երբ Պյոտր Պորոշենկոն դադարեցրել է Դոնբասի ֆինանսավորումը: Դա ցուգցվանգի իրավիճակ է ստեղծել Մոսկվայի համար, երբ հետագա առաջընթացն անիմաստ է դարձել, իսկ նահանջը`անհնար: Սակայն, Ուկրաինայում տարերայնորեն ի հայտ են գալիս հիմնականում անհաղթահարելի կոռուպցիայի հետ կապված խնդիրներ`հարցականի տակ դնելով վերջինիս ղեկավարության արդյուավետության աստիճանը: Ինչ վերաբերում է կանխատեսումներին, չեմ բացառում ինչպես Ռուսաստանի առաջխաղացումը դեպի Ուկրաինայի խորքը, այնպես էլ նոր ընտրությունները`ընդհուպ Կիևում նոր իշխանությունների ձևավորումը:
Չնայած իրանական միջուկային խնդրի շուրջ Իրան-ՙվեցնյակ՚ բանակցությունների վերջին փուլի ձախողմանը`Թեհրանի լիարժեք մուտքը էներգապաշարների համաշխարհային շուկա կարող է ռուսական գազի ու նավթի գների անկման հանգեցնել: Ինչու՞ է Արևմուտքը ձեռնպահ մնում ՙիրանական խաղաթուղթը՚ օգտագործելուց, և արդյո՞ք այդ պատճառը Ռուսաստանի դիրքորոշումն է:
Ստեղծված իրավիճակում`պայմանավորված ինչպես Ռուսաստանի դիրքորոշմամբ, այնպես էլ ՙԻսլամական պետության՚ վերջին գործողություններով, Իրանը վերածվել է Արևմուտքի բնական դաշնակցի:Խնդիրն Իրանի նկատմամբ քաղաքականությունում դեմքը պահպանելու Արևմուտքի ձգտման մեջ է: Նույնպիսի խնդիր ունի նաև Թեհրանը: Դրանով է պայմանավորված միջուկային խնդրի շուրջ բանակցային գործընթացի ծանր ընթացքը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ բանակցությունները չեն դադարել, ավելին`դրանք արդեն հանգեցրել են Իրանի ապաշրջափակման աննշան տարրերի ի հայտ գալուն, այդ բանակցությունների հեռանկարները բավականին հուսադրող են թվում:
Արդեն 2016 թ. Հայաստանի` ներմուծման կողմնորոշում ունեցող տնտեսությունը կհայտնվի ԵԱՏՄ չափորոշիչներին մաքսային ռեժիմի համապատասխանեցման խնդրի առաջ: Ձեր կարծիքով, ինչպե՞ս է լուծվելու այդ խնդիրը:
Հայաստանի հիմնական խնդիրը`կապված Եվրասիական միության հետ, այն է, որ դա ճանապարհ է դեպի անհայտություն: Ռուսաստանի կողմից Բելառուսից պարենային պրանքների մատակարարումների առնչությամբ վերջին սահմանափակումներն արդեն վկայում են, որ այդ կառույցը չի ծառայում իր նպատակներին: Այդ պատճառով, կարծում եմ, կանխատեսել, թե ինչպես կդասավորվի իրավիճակը Հայաստանում 2016 թվականին, վաղ է, թեկուզ այն պատճառով, որ մենք չգիտենք, թե ինչպես այն կդասավորվի Ռուսաստանում: Այդ պատճառով թերահավատորեն եմ վերաբերում Եվրասիական միության հեռանկարներին: Եվ դա պայմանավորված է ոչ միայն Արևմուտքի պատժամիջոցներով, որոնք արդեն հանգեցրել են Ռուսաստանում մակրոտնտեսական ցուցանիշների էական վատթարացման, նավթի գների իջեցման, ռուբլու փոխարժեքի անկման: Այս ամենն արդեն հանգեցրել է ներքաղաքական իրավիճակի սրման, Պուտինի վարկանիշի անկման, ինչը սպառնում է Ռուսաստանում լրջագույն փոփոխություններով: Այլ կերպ ասած` ժողովրդին ՙհացով և տեսարաններով՚ ապահովմանն ուղղված Պուտինի քաղաքականությունը վտանգի տակ է: Հացով ապահովել ժողովրդին Պուտինն արդեն ի վիճակի չէ, ըստ էության, չկան նաև նոր տեսարաններ, քանի որ սանձազերծ ազգայնականությունը և ՙնովոռոսիան՚ արդեն սպառել են իրենց:
Այստեղից է բխում նոր ՙտեսարանների՚ սպառնալիքը, օրինակ`հետխորհրդային տարածությունում նոր հակամարտության`ՙռուսների հայրենասիրական ոգու բարձրացման՚ նպատակով, ինչպես Ղրիմի բռնակցումից հետո էր: Սակայն, կարծում եմ, Պուտինը, ամենայն հավանականությամբ կկրկնի այն, ինչով իշխանության եկավ`ներքին հակամարտություն Չեչնիայում: Բացառված չէ, որ Ռուսաստանում ներքաղաքական կոնֆլկտ հրահրվի, ինչը ռուսական ազգայնականության ավելի սերտ համախմբման կհանգեցնի: Դա անելը շատ ավելի հեշտ է: Այլ հարց է, թե ինչով այդ ամենը կավարտվի: Բայց Պուտինը հիմա աստիճանաբար հայտնվում է իրադրությունում, երբ դա արդեն նրան չի հուզում:
Կապված Ձեր նախորդ պատասխանների հետ` հռետորական, բայց սկզբունքային հարց է ծագում`Հայաստանը կառավարվում է ներսից, թե՞, այնուամենայնիվ, դրսից:
Այսօր աշխարհում հազիվ թե կան ամբողջովին ներսից կառավարվող երկրներ, և Հայաստանը բացառություն չէ: Ցանկացած երկրի ինքնակառավարման աստիճանն առաջին հերթին պայմանավորված է վերջինիս իշխանությունների ներքին լեգիտիմությամբ և հետո արդեն արտաքին շահերում ունեցած տեղով ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու կարողությամբ: Այսօր Հայաստանի իշխանությունների լեգիտիմության աստիճանը հեռու է բավարար լինելուց, երկիրը ներգրավված է Ռուսաստանի համար կենսականորեն կարևոր շահերի գոտու մեջ: Եվ, վերջապես, մենք դժվարանում ենք մեր անվտանգության`Ռուսաստանից եկեղ մարտահրավերներին պատասխանների հարցում: Այդ պատճառով Հայաստանի մեծ կառավարելիությունը պայմանավորված է բացառապես վերոհիշյալ երեք գործոններով: