Այսօր երեկոյան ՙԷրեբունի՚ թանգարանի հարևանությամբ նախատեսված հանրահավաքից առաջ ՙ100-ամյակը առանց ռեժիմի՚ շարժումն իր աջակիցներին կրկին փողոց դուրս գալու կոչ է անում, հայտնում է ՙԱզատություն՚ ռադիոկայանը:
Շարժման հաղորդագրությունում նշվում է, որ այդ ճանապարհին առաջին քայլը ՙքաղբանտարկյալների ազատագրումն է՚: Այսօր նախատեսված հանրահավաքի նախաշեմին ՙ100-ամյակը առանց ռեժիմի՚ շարժման ղեկավարները շարունակում են գաղտնի պահել իշխանափոխության ծրագրերը՝ հայտարարելով, որ ամեն ինչ պարզ կլինի հրապարակում։ Ավելի վաղ շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը իր վերջին հանրահավաքային ելույթում ասել էր, որ ապրիլի 24-ից սկսած՝ համազգային մոբիլիզացիա է հայտարարում, քանի որ Հայաստանը ինքնիշխանությունը կորցնելու եզրագծին է մոտենում։ ՙԿոչ եմ անում՝ պատրաստվելու, 24-ից սկսյալ՝ ուսապարկերը պատրաստել, ուսապարկերի մեջ ունենալ առնվազն 3 օրվա չոր սնունդ, ինչպես ասում են՝ սուխ-պայոկ: Պատրաստվեք, ժողովուրդ, հույսը մենք ենք, ոչ մեկի վրա մենք հույս դնողը չենք: Ես չեմ կասկածում, որ մոբիլիզացիան օր օրի մեծանալու է, և հակառակորդին ծնկի ենք բերելու՚, - ասել էր Ժիրայր Սեֆիլյանը: Նա նաև հայտարարել էր, որ չեն պատրաստվում խանգարել ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումներին, բայց վստահ են, որ դրանից հետո ժողովուրդը իր խոսքը կասի և կպարտադրի ՙգործող օտարածին վարչակազմին հեռանալ՚։ Ազատազրկումից օրեր առաջ Սեֆիլյանը չէր բացառել նաև, որ Երևանում մեկնարկելիք հանրահավաքից բացիբողոքի ցույցեր կլինեն նաև Հայաստանի այլ քաղաքներում։ ՙՀիմնադիր խորհրդարան՚-ից փոխանցել են, որ Երևանի քաղաքապետարանից թույլտվություն են ստացել՝ ՙԷրեբունի՚-ում զանգվածային միջոցառումներ իրականացնել այսօրվանից սկսած մինչև մայիսի 10-ը, բայց՝ ոչ շուրջօրյա։ Ավելի վաղ շարժման ներկայացուցիչները հայտարարում էին, որ ապրիլի 24-ից փողոց են դուրս գալու և տուն չեն գնալու մինչև իշխանափոխություն: