Պահեստի զինապարտների մոբիլիզացումը դեռ չի նշանակում
լայնածավալ ռազմական գործողությունների սկիզբ: Հունվարի 27-ին մամուլի ասուլիսում
այդ մասին հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը` ԱրմԻնֆո-ի
թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի մարզերում մոբիլիզացիա սկսելու
վերաբերյալ շրջող լուրերը:
Նրա ասելով, այդպիսով ստուգվում է Հայաստանի զինված ուժերի
մարտունակությունը, դա արվել է նաև նախորդ տարվա օգոստոսին, երբ սրվել էր
լարվածությունը շփման գծում:
«Գերբնական ոչինչ չկա այդ գործողություններում: Դա
արվում է կանխարգելման նպատակով, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի
24 ժամում լիակատար մարտունակության վիճակի բերել Հայաստանի զինված ուժերը», -
կարծում է քաղաքագետը:
Նա
ընդսմին համոզված է, որ չնայած Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի հակամարտ զորքերի
շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանում իրավիճակի պարբերական սրումներին,
մոտ ապագայում լայնածավալ ռազմական գործողություններ չեն լինի, քանի որ պաշտոնական
Բաքուն դրա համար ռեսուրսներ չունի: Ավելին, Մինասյանը կարծում է, որ թե
աշխարհագրական դիրքով, թե մի շարք այլ գործոնների բերումով հայկական ԶՈՒ դիրքերն
ավելի շահավետ են: