ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության վաղը կայանալիք համագումարում Գագիկ Ծառուկյանը ոչ միայն կհայտարարի կուսակցության նախագահի պաշտոնից հեռանալու մասին, այլ նաև կհրաժարվի մանդատից: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԲՀԿ-ից պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով, մանդատից կհրաժարվի նաև Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Մելքումյանը նշել է նաև, որ ԲՀԿ-ն համագումարում վերջնականապես կհստակեցնի իր քաղաքական դիրքորոշումը, և բացառված չէ, որ կշարունակի հանդես գալ արմատական ընդդիմադիր դիրքերից:
Նշենք, որ Ծառուկյանի տեղը կզբաղեցնի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Սպասվում է, որ այդ օրը ԲՀԿ շարքերը պաշտոնապես կլքեն այլ ՙբարգավաճներ՚, մասնավորապես`Շիրակից պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:
Ավելի վաղ ԲՀԿ շարքերն արդեն լքել են պատգամավորներ Գրիգորի Մարգարյանը, Ռուստամ Գասպարյանը, Մելիք Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը, Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը: Նշենք, որ ԲՀԿ-ում ստեղծված իրավիճակը վերջինիս առաջնորդի և նախագահ Սերժ Սարգսյանի միջև գժտության հետևանք է: Արդյունքում Ծառուկյանը և Սարգսյանը ՙհաշտվել են՚, ինչի գինը քաղաքական ասպարեզից Ծառուկյանի հեռանալն էր: