Ապրիլի 2-3-ը Ծաղկաձորում տեղի կունենա պարարվեստի բազմաոճ միջազգային մրցույթ: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթացին հայտնել է Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Դավիթ Սարգսյանը, մրցույթը կանցկացվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Ռետրո» պարային ակումբի աջակցությամբ: Միջոցառման կազմակերպիչներն են՝ ՙՀանուն միջազգային կոնվենցիաների կատարման՚ հասարակական կազմակերպությունը և Սպորտային պարերի ֆեդերացիան: Սարգսյանի խոսքով, մրցույթին մասնակցում է ավելի քան 200 պարող Հայաստանից և Վրաստանից, որոնք կներկայանան տարբեր ոճերում:
Մրցույթի մասնակիցները խրախուսական մրցանակներ կստանան կազմակերպիչներից, իսկ հաղթողները՝ մեդալներ: Մրցույթի մասնակից 17-ամյա Սոնյա Եսայանը մրցույթի է եկել իր պարընկեր Օլեգ Յասինսկիի հետ: Երիտասարդ զույգը բնակվում է Սանկտ Պետերբուրգում, սակայն ներկայացնում է հայկական «Ռետրո» պարային ակումբը և հանդես գալիս հայկական դրոշի ներքո՝ որպես Հայաստանի պարային հավաքականի անդամ: ՙԵս միշտ մեծ պատասխանատվություն եմ զգում, քանի որ ներկայացնում եմ մեր երկիրը: Հուսով եմ՝ լավ ելույթ կունենամ և կգրավեմ հանդիսատեսի համակրանքը՚,-ասում է Սոնյան:
Սոնյան և Օլեգը 2016 թ. փետրվարի 28-ին ներկայացրել են Հայաստանն Իտալիայում կայացած միջազգային մրցույթներում, որտեղ զբաղեցրել են 3-րդ տեղը: Անցած տարվա հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգում նրանց հաջողվել է զբաղեցնել 3-րդ, Չեխիայում՝ 2-րդ տեղը: Իսկ մեկ տարի առաջ Հունաստանում անցկացված առաջնության ժամանակ զույգը, ներկայացնելով մեր երկիրը, զբաղեցրել է առաջին տեղը: Զույգը պարում է արդեն 4 տարի: Սոնյան պարով զբաղվում է 9 տարեկանից, Օլեգը՝ 6: